Մայիսի 24-ի վաղ առավոտից Սյունիքի մարզի Կապան քաղաքում լարված իրավիճակ էր: Չնայած արտակարգ դրությանը և հավաքներ անելու արգելքին, այս պահին բավական մեծ թվով մարդիկ են հավաքվել ոստիկանության Կապանի բաժանմունքի մոտ։ Իսկ պատճառն էլ օրեր առաջ տեղի ունեցած խուզարկություններն ու դրա հետևանքով կատարված ձերբակալություններն էին: ArmLur.am-ը ևս գրել էր, որ օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել մի քանի համայքապետերի բնակարաններում, այդ թվում Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում:
Եվ ահա ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, իսկ նրանցից Նվեր Խաչատրյանին էլ սխալմամբ են բերման ենթարկվել ոստիկանություն, նաև տեղեկությունների համաձայն նրան բռնության են ենթարկել։
Եվ ահա այս տեղեկությունից հետո մեծ թվով մարդիկ հավաքվեցին ոստիկանության Կապանի բաժանմունքի մոտ: Հավաքված քաղաքացիները ձերբակալվածների հարազատներն են, ուղղակի համաքաղաքացիներ, որոնք պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին։ Նրանք պահանջում են, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը գա ու բացատրի` ինչ է կատարվում։ Ի վերջո մարզպետը հանդիպեց սյունեցիների հետ:
Սակայն Պողոսյանի այցից հետո էլ կրքերը չհանդարտվեցին, և մինչև ուշ գիշեր մարդիկ այդպես էլ հավաքված մնացին ոստիկանության բաժանմունքի առջև: Արդեն ուշ գիշեր նրանք հեռացան, երբ ձերբակալվածներին տեղափոխեցին Երևան:
Արդեն դրանից հետո պաշտոնական մեկնաբանությամբ հանդես եկավ ՀՀ Քննչական կոմիտեն՝ մեկնաբանելով, թե ինչ է տեղի ունեցել: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։
Եվ ահա այսօր կալանավորվեց ձերբակալվածներից մեկը՝ Լևոն Համբարձումյանը, սակայն մյուս ձերբակալվածներն ազատ էին արձակվել: ArmLur.am-ը զրուցել է գործով կալանավորված Լևոն Համբարձումյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան