ԱՄՆ նախագահի նոյեմբերի 3-ի ընտրություններից գրեթե երկու օր է անցել, սակայն հաղթողի անունը դեռ հայտնի չէ, պայքարն աննախադեպ լարված է:
Նախագահ ընտրվելու համար թեկնածու պետք է վաստակի 270 ընտրիչների քվե, սակայն բաղձալի նպատակին նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը դեռ չեն հասել:
Առավել նախընտրելի են նախկին փոխնախագահի շանսերը, վերլուծաբանների համոզմամբ՝ հենց 77-ամյա Բայդենը կհաղթի, սակայն դրա համար պետք է սպասել ևս մի քանի ժամ, քանի որ ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, մինչդեռ Թրամփի թիմը սպառնում է դատական գործերով:
Երկու քաղաքական գործիչների շտաբերն էլ արդեն հասցրել են հայտարարել իրենց հաղթանակի մասին, բայց դեռևս վաղ է: Սպիտակ տունը զբաղեցնելու համար թեկնածուին անհրաժեշտ է 538 ընտրական ձայներից 270-ը: Այժմ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, որն առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից, ունի 214 ձայն, Բայդենը ՝ 264: Մնացել է բաշխել միայն 60 ընտրիչի ձայները: Այս տարի համաճարակի պատճառով մեծ թվով մարդիկ քվեարկել են փոստով, ինչի հետևանով հաշվարկը կարող է ձգձգվել: Հաղթանակի համար թեկնածուին պետք է 269 գումարած 1 քվե: Հիմա Բայդենն է առջևում, և, ըստ վերլուծաբանների, նրա հաղթանակը գրեթե երաշխավորված է, նրա համար մեծ խթան էր հաջողությունը Միչիգանում և Վիսկոնսինում, բայց դեռ չի ավարտվել ձայների հաշվարկը Արիզոնայում և Նևադայում: Եթե դեմոկրատ թեկնածուն առաջատարի դիրքը պահպանի Միչիգանում և Նևադայում` նա կհաղթի:
ԱՄՆ-ում քաղաքական հին ավանդույթի համաձայն մարդիկ ժողովրդական քվեարկությամբ ընտրում են այս կամ այն թեկնածուին, բայց գործնականում նրանց քվեարկությամբ ձևավորում է հատուկ կառույց՝ Ընտրիչների կոլեգիան, որն, իր հերթին ի պաշտոնե ընտրում է նախագահին:
Թրամփի շտաբը հայց է ներկայացրել Միչիգանի դատարան ՝ այս նահանգում ձայների հաշվարկը դադարեցնելու վերաբերյալ, մինչև ընթացակարգին և արդեն հաշվված քվեաթերթիկներին ավելի լիարժեք հասանելիության ապահովման նպատակով: Նմանատիպ հայց ներկայացվել է նաև Փենսիլվանիայում: