Դատարանը մերժել է Արթուր Վանեցյանին կալանավորելու միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին կալանավորելու միջնորդությունը։

Վանեցյանի պաշտպաններն այս մասին հաղորդագրություն են տարածել.

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կողմից կայացված որոշմամբ մերժվեց Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին։

Հայրենի դատարանները հետևողականորեն ի ցույց են դնում իրենց վճռականությունը ղեկավարվել միայն օրենքով, չկատարել իշխանության պետվերը, մասնակից չլինել քաղաքական հետապնդումներին»։

Վանեցյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 35-300 եւ 35-305-րդ հոդվածներով՝ իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու համար։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Երկու օր առաջ Վանեցյանը ձերբակալվել էր ԱԱԾ աշխատակիցների կողմից անմիջական ծագած կասկածանքի հիման վրա, որից կարճ ժամանակ անց ազատ էր արձակվել․ դատարանը, քննելով նրա ձերբակալման որոշման դեմ պաշտպանի բողոքը, բավարարել էր այն՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելով։ Դրանից հետո ԱԱԾ-ն կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը քննվել էր մինչ երեկ ուշ գիշեր։




Լրահոս