Մարտի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրաքի Հանրապետության պաշտպանության
նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը։
Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական
արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության պաշտպանության
նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների կազմով հանդիպումը։
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Իրաքի երկկողմ
համագործակցության հեռանկարները, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում
փոխգործակցության հնարավորությունները` փորձի փոխանակում, կանոնավոր ռազմաքաղաքական
խորհրդակցություններ, ռազմատեխնիկական համագործակցություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ռազմական գործողությունների
արդյունքում ստեղծված իրավիճակը և դրանց դադարեցումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների
կատարման ընթացքը:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և Իրաքի Հանրապետության պաշտպանության
նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբը ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության
նախարարության և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին մտադրությունների վերաբերյալ համաձայնություն, որով սահմանվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության 13 ոլորտներ: Փաստաթղթով նախատեսվում է նաև նախապատրաստել և ստորագրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իրաքի
Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության
մասին փոխըմբռնման հուշագիր։
Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-ին այցելել է
նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված
նահատակների հիշատակին։