«Բոինգ»-ի անհետացումից երկու ամիս անց. ուր է կորել հայկական ինքնաթիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 22-ից մինչ օրս Իրանի տարածքում հայտնված ինքնաթիռը Հայաստան այդպես էլ չի վերադարձվել: Ավելին, պատկան մարմիններից այդպես էլ չի հաջողվում որեւէ պարզաբանում ստանալ՝ ինչու ինքնաթիռը մինչեւ օրս Հայաստան չի վերադարձվել: Այսօր վաղ առավոտից ArmLur.am-ը փորձում է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեից պարզել ինքնաթիռի ճակատագիրը, սակայն կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի օգնական Ժենյան առաջարկեց այդ հարցով զանգահարել նրա մեկ այլ օգնականին՝ Լիլիթ Աղաբեկյանին, սակայն վերջինս այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Իսկ ինչ էր տեղի ունեցել. ըստ «Բոինգ B737-300» օդանավը 5 տարով վարձակալած «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային անձնակազմի և Իրանի ավիացիոն իշխանությունների հավաստիացման, Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում օդանավի վայրէջք կատարելու պատճառը եղել է տեխնիկական բնույթի, մասնավորապես՝ առաջացել են օդանավի վառելիքի հետ կապված խնդիրներ։

Եվ քանի դեռ Հայաստանում փորձում էին պարզել, անմասն չմնաց ԱՄՆ-ն եւ հորդորեց այս հարցին առնչվող բոլոր կողմերին անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը, հիշեցնելով, որ Միացյալ Նահանգների օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում:

Սովորաբար ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառում է կոնկրետ անձանց կամ կազմակերպությունների, բացառիկ դեպքերում՝ նաև պետությունների նկատմամբ։

Ավելի վաղ Fly Armenia Airways ավիաընկերությունը պարզաբանել էր, որ վարձակալած B737-300 օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, ինչից հետո՝ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի «Հոստոմել» օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը, սակայն փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել Իրանում։

Ի դեպ՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ օդանավը եղել է առանց ուղևորների, և օդաչուները այլազգի էին։

Հավելենք, որ դեպքի առթիվ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն։




Լրահոս