Կառավարությունն ընդունեց «Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին» որոշում:
Ըստ նախագծի հիմնավորման, Իրանում Հայաստանի առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել ՀՀ տնտեսական շահերն առևտրին և տնտեսական համագործակցությանն առնչվող տարբեր ոլորտներում, դյուրացնել հայկական և իրանական տնտեսավարող սուբյեկտների կողմից առևտրատնտեսական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը, ինչպես նաև օժանդակել երկու երկրների միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացմանը:
Առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը հնարավորություն կտա նաև առավել օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ Իրանի տնտեսական իրավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ նմանատիպ տեղեկություններ հաղորդել ԻԻՀ շահագրգիռ մարմիններին:
Առևտրական կցորդի հիմնական պարտականություններից է նաև տեղում կազմակերպվող գործարար համաժողովներին մասնակցությունը և Հայաստանի գործարար միջավայրի ներկայացումը, Հայաստանում ներդրումային գործունեությամբ հետաքրքրվող ԻԻՀ ձեռնարկատերերին և ընկերություններին համապատասխան տեղեկատվության տրամադրումը և այլն: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` ՀՀ-ի առևտրաշրջանառությունն ԻԻՀ-ի հետ 2020 թվականին կազմել է 400,2 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ արտահանումը Հայաստանից Իրան կազմել է 84,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 315,4 մլն ԱՄՆ դոլար։ Ներկայումս երկուստեք քննարկվում է Հայաստանում համատեղ ընկերություններ կամ իրանական ընկերությունների մասնաճյուղեր հիմնելու հետ կապված հարցերը։ Այդ գործընթացներում կարևորվում է նաև տրանսպորտային խոչընդոտների վերացումը և ֆինանսական փոխանցումների դյուրացմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը։ Ըստ հիմնավորման՝քննարկումներ են ընթանում առևտրական ներկայացուցիչների և կցորդների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ։