Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել. արդեն մի քանի օր է, ինչ քաղաքացիներն ահազանգում են՝ շաքարավազի դեֆիցիտ է: Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը եւս չի դադարում հեռախոսազանգեր ստանալ քաղաքացիներից: Օրինակ՝ այսօր ArmLur.am-ին քաղաքացիներից մեկը տեղեկացրեց, որ փորձել է մի քանի կգ շաքարավազ գնել երեւանյան սուպերմարկետներից մեկից, սակայն այնտեղ քաղաքացուն հրաժարվել են 2-3 կգ –ից ավելի շաքարավազ վաճառել: Ի դեպ, դեռ առավոտյան հանրապետության որոշ խանութներում եւ սուպերմարկետներում շաքարավազի գինը գերազանցել է 400 դրամը: Օրվա կեսից հետո միայն այն դարձել է 366 դրամ:
Շաքարավազի շուկայում տեղի ունեցող անկանոն գնաճին ու դեֆիցիտին անդրադարձել է նաեւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ըստ որի՝ շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ: «Ինչ վերաբերում է շաքարավազի գնին, ապա հայտնում ենք, որ խոշոր առևտրային ցանցերում իրականացված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսից նկատվում է շաքարավազի գների նվազման միտում: Մասնավորապես հուլիսին կգ-ով վաճառվող շաքարավազի 1 կգ-ի գինը շուրջ 20 դրամով նվազել է և այժմ կազմում է շուրջ 370 դրամ», -նշված է Հանձնաժողովի հաղորևդագրության մեջ:
Ի դեպ, շաքարավազի շուկային ArmLur.am-ը բազմաթիվ անգամ է անդրադարձել. Վերջերս գրել էինք, որ շաքարավազ ներկրող ընկերությունները սնկի պես աճել են, բայց չնայած սրան՝ գինը շարունակում է բարձր մնալ։ Օրինակ, ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը Հայաստան շաքարավազ ներկրող ընկերությունները 83 են, այսինքն՝ 83 ընկերություն Հայաստան շաքարավազ է ներկրում, բայց, չնայած սրան, շաքարավազի մեկ կիլոգրամի արժեքը խանութներում, սուպերմարկետներում հասնում է, անգամ անցնում է 400 դրամը։
Կհիշեք՝ նման մի իրավիճակ ամիսներ առաջ ստեղծվեց ձվի շուկայում. Սուրբ Զատիկից առաջ խանութներում եւ սուպերմարկետներում ձուն վաճառվում էր քիչ քանակությամբ, անձին՝ 10-15 հատ ձու: Բայց արի ու տես, որ ձվի շուկայում նման քաոսային իրավիճակ ստեղծոսներից ոչ ոք չպատժվեց:
Ս.Հ.