Ո՞Վ Է 1 ՏԱՆԿ, 2 ԲՄՊ ԽՈՑԱԾ ՀԵՐՈՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան երկրորդ պատերազմի հերոս, տանկի մեխանիկ վարորդ Միշա Մելիքի Գրիգորյանը գերազանց ծառայության համար արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի եւ 2 կրծքանշանի` որպես լավագույն 3-րդ կարգի տանկիստ։

 

Նախնական ծառայությունն անցակցրել է Արմավիրի մարզում, ապա 6 ամիս հետո տեղափոխվել է Հադրութ, արժանացել է «Քաջարի մարտիկ» մեդալի։ Պատերազմի առաջին օրվանից եղել է մարտի դաշտում։ Սեպտեմբերի 30-ի առավոտյան մասնակցել է հատուկ գործողության, հետ մղել թշնամու առաջխաղացումը, խոցել 1 տանկ, 2 ԲՄՊ, 40-50 հետեւակ։

Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» եւ «Արիություն համար» մեդալներով։ Ուներ նպատակ ծառայությունից հետո բարձրագույն կրթություն ստանալու։

Armlur.am-ի հետ զրույցում հերոսի քույրը՝ Մոնիկան, ներկայացրել է եղբոր հերոսական կերպարը:

«2019 թվականին դեկտեմբերի 25-ին մեկնել է ծառայության նախ Արմավիրի մարզում, ապա վեց ամիս անց տեղափոխվել է Հադրութ: Միշան զորամասի լավագույն տանկիստներից է եղել եւ շատ ուրախ էր: Արմավիրում ստացել է բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր, կրծքանշաններ, իսկ Հադրութում պատերազմից մի քանի օր առաջ ստացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանը: Միշան պատերազմի առաջին իսկ օրից եղել է առաջնագծում: Սեպտեմբերի 30-ին հրաման են ստացել տանկերով առաջ շարժվելու, եւ առաջխաղացման ժամանակ, ընկերները պատմում են, նա խոցել է 1 տանկ, 2 ԲՄՊ, 40-50 հետեւակ, որից հետո վերադարձել են եւ նորից հրաման են ստացել, բայց ճանապարհին հայկական կողմի տանկերը խոցվել են ԱԹՍ-ի հարվածից: Հարվածի ալիքից դուրս են շպրտվել  տանկից: Միշայի ամենամտերիմ ընկերը ընկել է տանկի դիմաց, եւ նա մեծ դժվարությամբ է միայն կարողացել արգելակել տանկը, եւ նա այդպես փրկվել է, իսկ Միշայի տանկը թշնամին երկորդ անգամ է հարվածել, եւ նա զոհվել է: Այրվել է նրա մարմնի միայն վերին մասը»,-հուզված պատմում է հերոսի քույրը:

Մեր զրուցակցի խոսքով՝ զոհված հերոսի մարմինը հարազատներին է հանձնվել միայն 6 ամիս անց՝ ԴՆԹ հետազոտությունից հետո, այն դեպքում, երբ նրա մարմնի մի մասը եղել է ճանաչելի, սակայն ընտանիքի անդամների այն հարցին, թե ինչու են այդքան ուշ հանձնել նրանց որդու մարմինը, այդպես էլ հստակ  պատասխան չի ստացել:

«Միշայիս միակ նպատակն էր բանակից վերադառնալուց հետո շարունակել կրթությունը: Իր նպատակների մի մասը կապված էր փոքր եղբոր Գոռի հետ, ապրում էր նրա համար, որ լավ մարդ դաստիարակի, բայց, ցավոք, չհասցրեց իր գործը, իր նպատակներն իրագործել»,-հավելում է նա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԲԵՄ ԿԲԱՐՁՐԱՆԱ «ՄԱՈՒԳԼԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդիսատեսին տոն կնվիրի՝ բեմ բարձրացնելով «Մաուգլի» լայնամասշտաբ ներկայացումը, որում զբաղված է վաթսուն դերասան: Ստեղծագործական կազմը ժամանակակից լուծումներով կփորձի խոսել բնությանը մոտ լինելու, հանուն գաղափարի համախմբվելու կարեւորության մասին: Սպասված բեմադրության առաջնախաղերը նախատեսված են դեկտեմբերի 10-ին եւ 11-ին:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ «Մաուգլին» ներկայացում է մեծահասակների համար: «Թատրոնն իր պատմության մեջ ունեցել է մասշտաբային գործեր, սակայն «Մաուգլին» վերջին 20 տարվա ամենալայնամասշտաբ բեմադրությունն է: Ե՛վ մուլտը, եւ՛ ֆիլմը սիրված են, եւ երբ թատրոնի ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանն առաջարկեց անդրադառնալ այս պիեսին, սիրով համաձայնեցի: Ներկայացումը բավականին մեծ փոփոխությունների է ենթարկվել: Այն հնարավորինս արդիական շեշտադրումներ է պարունակում»,- շեշտեց Հարությունյանը: Ռեժիսորն ընդգծեց՝ այս գործով խոսում են մարդու եւ բնության ներդաշնակության կորստի մասին. երբ մարդը հեռանում է բնությունից, ի հայտ են գալիս անմարդկային այնպիսի արատներ, ինչպիսիք են դավաճանությունը, սիրո պակասը, անհավատարմությունը, հավատի կորուստը: «Ջունգլիները մեր կյանքն են: Ներկայացնում ենք իրավիճակներ, թե ինչպես են կենդանիները կարողանում վտանգի դեպքում համախմբվել, պայքարել հանուն ջունգլիների: Հանդիսատեսներից շատերն իրենց ծանոթ հոգեվիճակների, իրենց ծանոթ մարդկանց կհանդիպեն: Մենք բարձրաձայնում ենք խնդիրներ ու լուծում տալիս դրանց: Լուսաբաց պետք է լինի: Եվ ինչպես ասում է հերոսներից մեկը, մենք պետք է պայքարենք հանուն մեր վաղվա ճշմարտության»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը:

Ռեժիսորը հիշեցրեց, որ տարվա ընթացքում հանդիսատեսի դատին են հանձնել «Փրկության կղզի», «Քայլեր» բեմադրությունները: «Մաուգլի»-ից հետո ներկայացում են բեմադրելու նաեւ փոքրիկ հանդիսատեսի համար:

Հասուն Մաուգլիին մարմնավորող դերասան Արսեն Միքայելյանի խոսքով՝ թատերասերներն ականատես կլինեն տարվա ամենախոշոր թատերական իրադարձություններից մեկին: «Ես ուրախ եմ, որ ներկայացման մասն եմ: Այն շատ նուրբ թելեր է բացահայտում մարդու անհատականության, բնության, բնազդների մասին, բարձրաձայնում է հասարակական խնդիրներ, որոնք անմիջական կապ ունեն այսօրվա իրականության հետ»,- հավելեց դերասանը:

 

 

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿԸ

Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնություններում հանդես եկող ամենաթանկ տրանսֆերային արժեքն ունեցող մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստների տասնյակը։ Առաջին երեք տեղը մոտ 150 միլիոն եվրոյով բաժանում են Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։ Հաջորդ տեղերում են «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներ Մեյսոն Գրինվուդն (140 միլիոն եվրո) ու Ջեյդոն Սանչոն (130 միլիոն եվրո), Ֆերան Տորեսը (120 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»), Ժոաու Ֆելիշը (100 միլիոն եվրո, «Աթլետիկո Մադրիդ»), Կիլիան Մբապեն (80 միլիոն եվրո, ՊՍԺ), Մուսա Դիաբին (80 միլիոն եվրո, «Բայեր») եւ Իերեմի Պինոն (80 միլիոն եվրո, «Վիլյառեալ»)։

 

ԵՐՐՈՐԴ ՏԵՂԸ

Լիվերպուլի «Էվերտոնի» 24-ամյա հարձակվող Ռիրաշլիսոնը Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալին» խփած գոլի շնորհիվ հավասարվեց «Լիվերպուլի» նախկին խաղացող Ֆիլիպե Կոուտինյոյին Պրեմիեր լիգայում լավագույն բրազիլացի ռմբարկուների ցուցակում։ Ռիշարլիսոնն ու Կոուտինյոն խփել են 41-ական գոլ եւ կիսում են երրորդ տեղը. հաղորդում է Opta-ն։ Առաջատարներն են Ռոբերտո Ֆիրմինոն («Լիվերպուլ», 70 գոլ) եւ Գաբրիել Ժեզուսը («Մանչեսթեր Սիթի», 52 գոլ)։

 

20 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ

Ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» հարձակվող Քարիմ Ադեյեմին ցանկանում է կարիերան շարունակել Գերմանիայում։ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան», սակայն Գերմանիայի հավաքականի նորեկը մերժել է կատալոնական ակումբին. հաղորդում է Sport.sky.de-ն։ Մեծ է հավանականությունը, որ Քարիմ Ադեյեմին հաջորդ ամռանը կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա», որ նրա տրանսֆերի համար կվճարի 35 միլիոն եվրո։ Կողմերը մոտ են բանակցությունների ավարտին։ Transfermarkt-ը Ադեյեմիի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

 




Լրահոս