ՏԵՍԱՆՅՈՒԹ. 100 դիտորդները կգան Հայաստան. ովքեր կլինեն կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն Եվրամիության 100 դիտորդները: Այս մասին Մյունխենում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրանք կտեղակայվեն Ադրբեջանի հետ սահմանին հարող Հայաստանի տարածքներում։ Նրանց թվում են  ֆրանսիական ժանդարմերիայի 8 սպա (նրանք գտնվում են ՆԳՆ-ի և ՊՆ-ի երկակի ենթակայության տակ) և 15 գերմանացի ոստիկան։

Իր հերթին Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել  է, որ Եվրամիության առաքելությունը Հայաստանի ամբողջ տարածքում դիտարկելու և տեղեկացնելու է իրավիճակի մասին՝ նպաստելով մարդկանց անվտանգությանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը:

Իր հերթին Եվրոպական պատվիրակության անդամներ երեկ այցելել են Ջերմուկ՝ ծանոթանալու ադրբեջանական վերջին հարձակման թիրախ դարձած քաղաքի խնդիրներին, վաղն էլ լինելու են Վարդենիսում, Գորիսում, որոնք ևս նախորդ տարվա ռազմական գործողությունների հիմնական ուղղություններից էին։

Փաստահավաք առաքելությամբ Երևանում գտնվող ԵԽԽՎ համազեկուցողները նաև  հանդիպել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Խորհրդարանի խոսնակն ընդգծել է համազեկուցողների՝ սահմանամերձ մարզեր այցելության և Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը: Նաև մանրամասներ են ներկայացվել արդեն 69 օր ադրբեջանցիների կողմից փակված Լաչինի միջանցքի ճգնաժամի և դրա հետևանքների մասին:

Իսկ  ժամանող ԵՄ առաքելությունը երկրորդն է:  40 հոգուց բաղկացած առաջինը խումբը Հայաստանում էր հոկտեմբերի 19-ից դեկտեմբերի 19-ը:

Երկրորդ առաքելությունն ուղարկելու որոշումը Եվրահանձնաժողովն ընդունել է 2023 թվականի հունվարի 23-ին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.




Լրահոս