Ծնողները կգնահատեն մանկավարժի աշխատանքը՝ անանուն հարցաթերթիկ լրացնելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 243-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի որակավորման տարակարգի շնորհման համար ծնողների կողմից լրացվող անանուն գնահատման հարցաթերթիկը:

Անանուն հարցաթերթիկները կազմված են բնութագրական հարցերից, որոնց միջոցով ծնողները գնահատում են մանկավարժական աշխատողին՝ բացահայտելով, թե նրանք որքանով են ճանաչում սաների կարիքները և որքան սերտ են համագործակցում ընտանիքների հետ և այլն:

Նշենք, որ նախադպրոցական հաստատության մանկավարժական աշխատողի շնորհման համար ծնողի կողմից լրացվող անանուն հարցաթերթիկը ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. մարտի 23-ի 16-Ն հրամանով սահմանված 9 բնութագրիչներից մեկն է:

Ընդհանուր առմամբ սահմանված են հետևյալ բնութագրիչները՝

1) զբաղեցրած պաշտոնին համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթությունը,

2) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված՝ նախադպրոցական կրթության բնագավառում ղեկավար կամ մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպությունում որպես վերապատրաստող մասնագետ ներգրավված լինելը,

3) վերջին հինգ տարվա ընթացքում նախարարության կողմից երաշխավորված՝ նախադպրոցական կրթությանն առնչվող ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկի կամ ուսումնաօժանդակ նյութի հեղինակ կամ համահեղինակ լինելը,

4) վերջին երեք տարվա ընթացքում Կրթության տեսչական մարմնի ստուգումների կամ արտաքին գնահատման արդյունքում ցուցանիշներ ունենալը,

5) վերջին երեք տարվա ընթացքում «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերից մեկում հաղթող ճանաչված լինելը,

6) սաների կարիքների ճանաչում, ընտանիքի հետ համագործակցություն՝ անանուն հարցաթերթիկների միջոցով ծնողների կողմից մանկավարժական աշխատողի գնահատման արդյունքները.

7) տարակարգի համար դիմելու նախորդ ամսվա ընթացքում կազմած ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը (ներառյալ պարապմունքների պլանները) (պարապմունքների պլանների պահանջը մեթոդիստի դեպքում կիրառելի չէ),

8) տարակարգի համար դիմելու նախորդ վեց ամսվա ընթացքում իր մոտ կատարված պարապմունքների լսումների և տարբեր ռեժիմային պահերի դիտումների արձանագրությունները, դիդակտիկական տարբեր նպատակներով իրականացված երկու պարապմունքի տեսագրություն,

9) ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող կարողություններ՝ մշակված անհատական ուսուցման և զարգացման պլանի ներկայացում, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների կրթության և զարգացման արդյունավետության մասին վկայող փաստեր՝ ԿԶԱՊԿ գնահատման արդյունքի փոփոխություն (առկայության դեպքում) և (կամ) սաների զարգացման և կրթության արդյունքի գնահատման ընթացքը հավաստող փաստաթղթեր՝ ըստ եռամսյակների կամ կիսամյակի։

Առաջին աստիճանի տարակարգ շնորհվում է վերը նշված բնութագրիչներից առնվազն 3-ն ապահովելու դեպքում, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է համապատասխանաբար սահմանված բնութագրիչներից առնվազն 5-ը և առնվազն 7-ն ապահովելու դեպքում:




Լրահոս