ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՐԿՎԱԾ ՊԱՏԻՎ
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը երեկ հանել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գույքի եւ հաշիվների վրա դրված կալանքը` բռնագանձելով դատարանի վճռով սահմանված գումարը` ընդհանուր առմամբ 6 միլիոն 545 հազար 700 դրամ: «Հայկական ժամանակ»-ը հրաժարվել է կամավոր վճարել գումարը, ուստի ԴԱՀԿԾ-ն 5 տոկոս տույժ է կիրառել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի նկատմամբ` 311 հազար 700 դրամի չափով: Նշենք, որ ամբողջ գումարը հավաքվել էր «Հայկական ժամանակ» թերթի հայտարարած հանգանակության արդյունքում:

ԼՈՂԻ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆ
«Հանրապետական կուսակցությունում համագործակցություն ասելով` հասկանում են հլու-հնազանդ լինելը»,-հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով, եթե իսկապես իշխանությունները նորմալ համագործակցեին քաղաքական ուժերի հետ, Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չէր ընտրվի, հայ-թուրքական արձանագրություններ չէին լինի, խայտառակ տնտեսական որոշումներ չէին կայացվի:

ԷԴ Ո՞ՆՑ ԵՆ ՀԱՇՎԵԼ
Արթիկի ծննդատանը ծնվել է երկրագնդի 7 միլիարդերորդ բնակիչը: Երջանիկ մանկիկի ծնողները Պեմզաշեն համայնքից են, որոնք արդեն որոշել են երեխայի անունը` Վահրամ: Երեխայի հայրը արտագնա աշխատանքի է Ռուսաստանում, ով, լսելով բարի լուրը, մտադիր է երկու օրից վերադառնալ:

ՍԿՍԵԼ Է ՔՆՆԱԴԱՏԵԼ
Հոկտեմբերի 29-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ «Մենք մերոնցով» թերթի խմբագրի եւ նրա ամուսնու սպանության կասկածանքով ձերբակալված հայր եւ որդի Աբաջյանների նկուղից մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել: Վաղարշակ Աբաջյանին պատկանող Երեւան քաղաքի Այգեստանի 10-րդ փողոցում գտնվող տան խուզարկության արդյունքում նկուղի թաքստոցից հայտնաբերվել է առանց համարի, գործարանային արտադրության ատրճանակ` պահունակով, հրացանի խզակոթ, «ՏՕԶ» տիպի ակոսավոր հրացանի փող` մեխանիզմով, հրացանի 1 փող` ձեւափոխված «Կարաբին» հրացանի փամփուշտներ կրակելու համար, 16 տրամաչափի որսորդական հրացանի փող, հրացանի 1 խզակոթ, 1 դաշույն` պատյանով, 1 սվին-դանակ եւ բազմաթիվ փամփուշտներ:

ԹՌՉԿԱՆԸ ՓՐԿՎԵ՞Ց
«Ռոբշին» ՍՊԸ-ն դադարեցնում է Թռչկանի ջրվեժի տարածքում Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինարարությունը եւ տեխնիկան դուրս է բերում շինարարության տարածքից` ընդունելով բնապահպանության նախարարության առաջարկությունը: «Մենք միաժամանակ հույս ենք հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտացոլող լուծումներ»,-հայտարարել է «Ռոբշին» ՍՊԸ տնօրինությունը: Մենք էլ միաժամանակ հույս հայտնենք, որ առաջիկայում բնապահպանության նախարարությունը, բացի առաջարկ անելուց, վերջապես նաեւ չեղյալ կանի իր իսկ կողմից տրված թույլտվությունը:

ՄՈԼԴՈՎԱՅԻՑ
Լատվիական լրատվամիջոցներում հայտնվել է Մոլդովայի կողմից Հայաստանին վաճառված սպառազինության պայմանագիրը: Ինչպես գրում է լատվիական «Ժամ» օրաթերթը` Latspeceksports ընկերությունը Մոլդովայից գնել է սպառազինություն եւ այն վաճառել Հայաստանին` դրա համար չունենալով Լատվիայի արտգործնախարարության պաշտոնական թույլտվությունը: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ՉԻ-ն գրեց այս մասին` արտատպելով epress-ից, սակայն Միքայել Բաղդասարովը դատի է տվել ՉԻ-ին:

ՏԵՂՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է
Հոկտեմբերի 30-ին Հալաբյան փողոցում «Ռենջ Ռովեր» մակնիշի անհայտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ թողնելով նրան անօգնական վիճակում` դիմել է փախուստի: Ապա արդեն մահացած հետիոտնը հայտնվել է թիվ 28 երթուղային տաքսու անիվների տակ: Ինչպես պարզվել է, վրաերթի ենթարկվածն Արաբկիրի բնակիչ Դոնարա Հարությունյանն էր, ով աշխատում էր Վերահսկիչ պալատում: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական գործողություններ` հայտնաբերելու համար փախուստի դիմած «Ռենջ Ռովեր»-ի վարորդին:




Լրահոս