ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳԵՐ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ.Բ.-ն 2022 թվականի հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, ինչպես նաեւ 2023 թվականի հունվարին զանգահարել է պետական գերատեսչություններ եւ ռումբի տեղադրման մասին ահազանգեր հնչեցրել:

 

Մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Բ.-ն 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչություն եւ հայտնել, որ իր ցուցումով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Լոռու մարզի դատախազության շենքերի նկուղներում տեղադրվել է ռումբ: Դատարանի եւ դատախազության շենքերում իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում ռումբ կամ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Մեկ այլ դեպքում 2022 թվականի հոկտեմբերի 7-ին զանգահարել է Լոռու մարզի փրկարար ծառայություն եւ հայտնել, որ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Ա.-ի եւ Լոռու մարզի դատախազ Կ.Գ.-ի աշխատասենյակներում ռումբ է տեղադրված: Կատարված ստուգողական գործողությունների արդյունքում ռումբ կամ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Դրանից բացի՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ին եւ 16-ին, Գ.Բ.-ն զանգահարել է Լոռու մարզի փրկարար ծառայություն եւ տեղեկացրել, որ «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում եւ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Տ.Թ.-ի աշխատասենյակում տեղադրված է ռումբ եւ պայթուցիկ սարք: Տեղեկությունը ստուգվել է, եւ պարզվել, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում:

2022 թվականի դեկտեմբերի 2-ին, 21-ին, եւ 30-ին Գ.Բ.-ն կրկին զանգահարել է Լոռու մարզի փրկարար ծառայություն, Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն եւ Արդարադատության նախարարություն ու տեղեկացրել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Ա.-ի աշխատասենյակում, Երեւան քաղաքի դատախազության եւ Արդարադատության նախարարության շենքերում ռումբ կա տեղադրված: Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Բ.-ի հայտնած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

2023 թվականի հունվարի 6-ին Գ.Բ.-ն զանգահարել է ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ ԱԱԾ Լոռու մարզային վարչության շենքում ռումբ կա տեղադրված: Ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

2023 թվականի մայիսի 26-ին հսկող դատախազի կողմից Գ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելը) (չորս դրվագ) եւ 314-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելը, որը անզգուշությամբ առաջացրել է հիմնարկի գործունեության կազմալուծում կամ ծանր հետեւանք) (վեց դրվագ):

Դատախազը 2023 թվականի հունիսի 2-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

 

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱՅՈՒՄ

Ուշագրավ իրավիճակ  է ստեղծվել «Գլորիա կարի ֆաբրիկա» ընկերության շուրջ:

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մեղադրյալի աթոռին է հայտնվել Նաիրա Գրիգորյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել, որ նա, «Գլորիա կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրենի՝ իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ հրամանով ազատվելով նույն ընկերության կարող բանվորուհու աշխատանքից, այդ հանգամանքով պայմանավորված՝ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներից մինչեւ 2023 թվականի փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար նվաստացնելով տնօրենի պատիվն ու արժանապատվությունը, օրվա տարբեր ժամերին կատարելով հեռախոսազանգեր, վերջինիս հասցեին հնչեցրել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ, նրան է ուղարկել նույնաբովանդակ SMS կարճ հաղորդագրություններ, ինչպես նաեւ այցելելով տնօրենի բնակության վայր՝ կենցաղային աղբ է լցրել վերջինիս բնակարանի մուտքի դռան մոտ:

Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ Երեւանում սպանեցին «Գլորիա կարի ֆաբրիկա»-ի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դստերը. գործը դատարանում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ՝ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանը որոշել է Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխել տնային կալանքի:

Հիշեցնենք, որ, նախնական որոշմամբ, Գայանե Մարտիրոսյանը մեկ ամսով էր կալանավորվել:

Փաստաբան Հովսեփ Սարգսյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ որոշումը կայացվել է նիստից ժամեր առաջ, եւ ասաց, որ  դա իրենց չի բավարարում:

Հիշեցնենք՝ Գայանե Մարտիրոսյանը մեղադրվում է վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու համար: Քննչական կոմիտեի հրապարակած տեղեկության համաձայն՝ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ու պատմել, որ մայիսի 17-ին փողոցում՝ Վերաքննիչ դատարանի դիմաց, իրեն են մոտեցել զոհված զինծառայողների ծնողներ: Նրանցից մի կին ներկայացել է որպես զոհված զինծառայողի մայր,  առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։

«Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ. պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսեւորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթեւեկում է՝ արագությունը գերազանցելով, երթեւեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել եւ սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի, առանց հարցնելու իրեն, տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջեւի աջ դուռը եւ իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել:

Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք», -նշվում էր մայիսի 17-ին երեկոյան ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

 




Լրահոս