«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է ավագանու ընտրություններին. քաղաքապետի նրանց թեկնածուն Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է:
ArmLur.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը հայտնեց, որ նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
-Տիկի՛ն Խաչատրյան, ովքե՞ր են կուսակցության քարոզարշավն իրականացնելու, արդյո՞ք պարոն Սարգսյանն անձամբ մասնակցելու է քարոզարշավին:
-Այո՛, Արամ Սարգսյանը մասնակցելու է քարոզարշավին, քանի որ հենց ինքն է ղեկավարելու կուսակցության շտաբը:
-Արդեն պատրա՞ստ է կուսակցության ընտրական ցուցակը, ովքե՞ր են ընդգրկված:
-Կուսակցության ցուցակը 1-2 օրից կներկայացվի ԿԸՀ: Ցուցակում շատ են անունները. եռյակը հետևյալ տեսքն ունի՝ Արտակ Զեյնալյան, Սարգիս Մադաթյան և ես: Ցուցակում լինելու է նաև լեգենդար հրամանատար Ռոմիկ Մխիթարյանը, այս պահին՝ այսքանը:
-Երեկ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ մասնակցելու է ավագանու ընտրություններին։ Տարբեր հարցումներ ցույց են տալիս, որ նա բավականին բարձր վարկանիշ ունի, ու նրա մասնակցությունը կարող է շատ բան փոխել ընտրությունների վերջնարդյունքում, ի՞նչ կասեք այս մասին:
-Հայկ Մարությանը՝ որպես դերասան ունի բարձր վարկանիշ, մնացածը ցույց կտան ընտրությունների արդյունքները: Ոչ մի կերպ չեմ վերաբերվում նրա թեկնածությանը, ես իմ տեսակետը քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ ասել եմ դեռ իր պաշտոնավարման ժամանակ՝ ավագանու դահլիճում, իսկ որպես դերասան Մարությանը փայլուն դերասան է, միգուցե՝ էր: Ինչ վերաբերվում է բարձր վարկանիշին՝ ընտրության արդյունքները ցույց կտան:
Քրիստինա Մուշեղյան