ՀՀ ՆԳ նախարարության 02 վարչությունը լուծարվել է․ ինչի հետ է դա կապված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ՆԳ նախարարության 02 վարչությունը լուծարվել է։

Ըստ մեր տեղեկությունների՝ այն կապված է ոստիկանության բարեփումների հետ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ արտահերթ նիստում, 67 կողմ, 6 դեմ ձայնով, ընդունեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

Նախքան քվերակությունն արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ փաթեթում որոշակի փոփոխություններ են արել առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում, որոնք, նրա խոսքով, միտված են հնարավոր տեխնիկական խնդիրները շտկելուն։

ՆԳՆ ֆունկցիոնալ բազայից հանվել է աշխատանքի միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակման հատվածը, ասաց Սարգսյանը՝ պարզաբանելով՝ կառավարությունը գտնում է, որ աշխատանքի ոլորտում քաղաքականությունը պետք է շարունակի մշակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ Ներքին գործերի նախարարությունն ընդամենը կօժանդակի տարբեր պրոցեսների կատարմանը:

Մասնավորապես, փոփոխություններ են արվել նաև զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում, Ոստիկանության կարգապահական կանոնագրքում։

Այսպիսով, ըստ ընդունված նախագծի, Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը:

«Այս փոփոխության ամենախորքային և ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և նոր ստանդարտի փրկարար ծառայություն ունենալն է», – կառավարություն նիստում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քնար Մանուկյան




Լրահոս