Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։

Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», Գազայի շուրջ իրավիճակի և հակամարտության կարգավորման հարցում ՀՀ մոտեցմանը, ինչպես նաև ՌԴ, ԵՄ ու ԱՄՆ հետ ՀՀ հարաբերություններին առնչվող հարցերի։

Հարց․ Անմիջապես անդրադառնանք Ադրբեջանի հետ հարաբերություններին: Ի՞նչ վիճակում են դրանք հիմա՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներից հետո:

Պատասխան․ Գիտեք, որ մենք սկսել ենք խաղաղության գործընթաց ադրբեջանական կողմի հետ, և հայկական կողմը իսկապես հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն՝ հիմնվելով կոնկրետ սկզբունքների վրա, օրինակ՝ տարածքային ամբողջականության ճանաչումը: Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հավաստել են, և մենք մի քանի անգամ հաստատել ենք, որ երկրների միջև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը պետք է տեղի ունենա և սահմանի հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Սա փաստաթուղթ է, որը ստորագրվել է նախկին Խորհրդային Միության տասնմեկ Սոցիալիստական Հանրապետությունների կողմից 1991 թվականին, և այս փաստաթղթում այդ հանրապետություններն արձանագրել են, որ Սոցիալիստական Հանրապետությունների միջև նախկին վարչական սահմաններն այժմ ճանաչվում են որպես արդեն անկախ պետությունների միջև միջազգայնորեն ճանաչված սահմաններ։

Ըստ էության, մենք ունենք սահման, փոխադարձորեն ճանաչված տարածքային ամբողջականություն և սահմանազատում հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա. սա նշանակում է, որ 1991 թվականին եղած սահմանները պետք է ներկայում վերարտադրվեն: Վերջերս սահմանազատման հարցերով զբաղվող կոմիտեի ղեկավարները՝ երկու երկրների փոխվարչապետերը, եկան համաձայնության, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, իսկ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգում նույնպես պետք է հղում արվի Ալմա Աթայի հռչակագրին: Սա սկզբունքներից մեկն է, և եթե մեզ հաջողվի հիշատակել Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման քաղաքական հիմք և որպես տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման քաղաքական հիմք խաղաղության պայմանագրի նախագծում, որի շուրջ մենք այժմ բանակցում ենք, ապա կարելի է ասել, որ շատ մոտ ենք վերջնական կարգավորմանը։




Լրահոս