30 մլն դրամ նվիրատվություն, 28 մլն կանխիկ դրամ․ ի՞նչ ունեցվածք ունի Փարաքարի համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի դեկտեմբերի 20-ին Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանը։ Ընտրությունից հետո սկսվեց փրայմերիզի գործընթացը և երկու ամիս թափուր մնացած համայնքապետի պաշտոնը զբաղեցրեց ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։

Փարաքար խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին Վալոդյա Գրիգորյանը «Միասնություն» կուսակցությունների դաշինքով  է առաջադրվել։

«Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ի սեփականատեր և տնօրեն Վալոդյա Գրիգորյանը ընդերքօգտագործման իրավունքով դեռ 2020 թվականին մամուլի հրապարակումների համաձայն շահագործում է Երևանի Աջափնյակ համայնքի Տիչինայի փողոցի երթևեկելի հատվածից երևացող ճամփեզրին գործող քարի բաց հանքավայրը։

Վալոդյա Գրիգորյանը վերջին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 29-ին, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ եղած ժամանակ։

Համաձայն այդ հայտարարագրի՝ Գրիգորյանն ունի 11 անշարժ գույք․ 1 անավարտ գույք և 10 հողամաս։ Անշարժ գույքերը հիմնականում գտնվում են Փարաքար համայնքում, Երևանի Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։

Վալոդյա Գրիգորյանը հայտարարագրել է 2019 թվականի արտադրության Lexus մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականին։

Վալոդյա Գրիգորյանի կանխիկ դրամական միջոցներն, ըստ 2024 թվականին ներկայացված հայտարարագրի, կազմել են 28 մլն դրամ։ Գրիգորյանի հաշվետու տարվա եկամուտների միակ աղբյուրը եղել է նվիրատվությունը, որը ստացել է Արծրուն Գալստյանից։ Նվիրատվության չափը կազմել է 30 մլն դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  24 մլն 452 հազար դրամ, որից 8 մլն 425 հազար դրամը գնված հողակտորի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Վարկի մարմանը Գրիգորյանն ուղղել է 13 մլն 725 հազար դրամ։

«Ապրելու Երկիր» կուսակցության խորհրդի անդամ է։

Էմմա Միքայելյան




Լրահոս