Armenian text to speach

Իրանն պատրաստ է վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ արժանապատվության և փոխադարձ հարգանքի հիման վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի արտգործնախարար Սեյյեդ Աբբաս Առաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ՝ եթե դրանք անցկացվեն փոխադարձ հարգանքի և արժանապատվության սկզբունքներով։

Ֆրանսիական Le Monde պարբերականին տված հարցազրուցում, որը հրապարակվել է հուլիսի 10-ին, Առաղչին շեշտել է, որ նախապայման է ԱՄՆ-ի վարքագծի փոփոխությունը, ինչպես նաև երաշխիք այն մասին, որ բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը զերծ կպահի Իրանի դեմ ագրեսիվ ռազմական գործողություններից։

«Դիվանագիտությունը երկկողմ գործընթաց է։ ԱՄՆ-ն էր, որ խզեց բանակցությունները ու դիմեց ռազմական միջամտության։ Ուստի, այժմ շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն ընդունի իր սխալները և ցույց տա վարքագծի իրական փոփոխություն։ Մենք պետք է հստակ երաշխիքներ ունենանք, որ այլևս ռազմական հարձակումներ չեն լինի բանակցությունների ժամանակ», – ընդգծել է Առաղչին։

Նա նշել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունները վնաս են հասցրել երկրի միջուկային հաստատություններին, եւ Թեհրանը պահպանում է փոխհատուցման պահանջելու իրավունքը` վնասների գնահատումից հետո։

Առաղչին ընդգծել է նաեւ, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը գտնվում է Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԷԳ) մշտական հսկողության տակ, եւ այդ ծրագրում միջազգային օրենսդրության տեսակետից խախտումներ չկան։

«Երբ մի երկիր՝ անցնելով գիտական վերածննդի գագաթնակետ, այս աստիճանի զարգացումներ է ունենում՝ նրա կամքը հեշտությամբ հնարավոր չէ կոտրել։ ՄԱԷԳ-ի զեկույցները բազմիցս ցույց են տվել, որ Իրանը չի շեղվել իր խաղաղ նպատակներից դեպի միջուկային ռազմական ծրագիր», – ընդգծել է նա։

Նա նաև նախազգուշացրել է, որ միջուկային օբյեկտների դեմ հարվածելը, հատկապես ՄԱԷԳ-ի կողմից վերահսկվող օբյեկտների, եւ արևմտյան երկրների անհամարժեք արձագանքը՝ հարված է միջազգային իրավունքին և միջուկային զենքի չտարածման (NPT) ռեժիմին։

«Մենք գործ ունենք միջազգային իրավունքի հիմքերի՝ մասնավորապես՝ չտարածման ռեժիմի ուղղակի խախտման հետ», – ասել է Առաղչին։

Անի Վարդանյան




Լրահոս