Այսօր Աջափնյակ-Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նորաշեն-2007 սպառողական կոոպերատիվի քրեական դատավարության հերթական նիստը:
Հիշեցնենք, որ «Նորաշեն 2007»-ը 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների հետ կնքել է բնակարանների նախնական և նախավճարի պայմանագրեր, գանձել 1.843.379.449 դրամ գումար և հափշտակել:
Այս պատմության մեջ շրջանառվում է նաև ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ամուսնու` Պետեկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Դավիթ Բեգլարյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազգականի` Ռազմիկ Ավագյանի անունները:
Սպառողական կոոպերատիվի նախագահի գործընկեր Լուսաբեկ Սամվելյանն իր վկայության մեջ նշեց, որ Գևորգ Չաուշի 14/3 շենքից 14 բնակարան 300 հազար ԱՄՆ դոլարի դիմաց` ամսեկան 5 %-ով, գրավադրվել է Հերմինե Նաղդալյանի ամուսնու` Դավիթ Բեգլարյանի մոտ:
Դավիթ Բեգլարյանին 2009 աշնանը Նորաշեն-2007-ի նախագահ Արմեն Թադևոսյանի և նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի մոտ էր բերել Հայաստանի հարկային կոմիտեի իրավաբանական վարչության նախկին պետ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի բարեկամ Ռազմիկ Ավագյանը:
Դավիթ Բեգլարյանն այն ժամանակ Էջմիածնի հարկայինի պետն էր, և երկուսն էլ, փաստորեն, հարկայինի ղեկավար աշխատողներ էին:
Ավագյանը զբաղվում էր ավտոմեքենաների վաճառքով: 4 մեքենա էր ապառիկ ձևով տվել Թադևոսյանին` 1 LAND CRAUSER, 2 E դասի MERCEDES, 1 LEXUS RX 470` 2004 թվականի արտադրության:
E դասի 2 MERCEDES-ները, յուրաքանչյուրի շուկայական գինը 30 հազար ԱՄՆ դոլար, կոոպերատիվի նախագահին ապառիկ 3 ամսով տալու համար 30 հազար դոլարից Ավագյանը դարձնում է 45 հազար դոլար:
Այսինքն` Ավագյանը վաշխառություն է անում` օգտագործելով հարկայինի բարձրաստիճան պաշտոնյայի իր դիրքը:
2 մեքենայի շուկայական գինը 60 հազար ԱՄՆ դոլարից դառնում է 90 հազար ԱՄՆ դոլար, որի համար Գևորգ Չաուշի 14/3 շենքից 2 բնակարան է ձևական գրավադնում իր բարեկամների անունով` նախօրոք իմանալով, որ դրանք տերեր ունեն:
Բեգլարյանը Ռազմիկ Ավագյանի հետ համաձայնության է գալիս 300 հազար ԱՄՆ դոլար 5 %-ով տալ Արմեն Թադևոսյանին, որպեսզի այնտեղից ստանա իր 90 հազար ԱՄՆ դոլարը:
Հերմինե Նաղդալյանը և Դավիթ Բեգլարյանը մի քանի փուլով տալիս են 300 հազար դոլարը, որից 90 հազարը վերցնում է Ռազմիկ Ավագյանը, 90 հազարից 30-ը` ապառիկ տոկոսավճարով` 15 տոկոս ամսավճարով:
Սպառողական կոոպերատիվի «տոկոսչիների» ցուցակի մեջ Դավիթ Բեգլարյանի անվան դիմաց նշված է, որ 2010 թվականի հունվար-մայիս ամիսներին Արմեն Թադևոսյանը Բեգլարյանին տվել է 75 հազար դոլար տոկոս` յուրաքանչյուր ամսվա համար 15 հազար դոլար:
Թադևոսյանը գրավոր տեղեկացրել է, որ 20 հազար դոլար տոկոս է տվել Նաղդալյանին, վերջինիս օֆիսում, նույնչափ տվել է Դավիթ Բեգլարյանին` բանկի մոտ` բնակչի միջոցով:
14 բնակարաններից 6-ը փողի դիմաց Նաղդալյանը վերադարձրել է, իսկ մյուսների բնակիչները, գումար չունենալու պատճառով չեն կարողացել հետ վերցնել: Պատճառն այն է, որ Նաղդալյանը յուրաքանչյուր բնակարանի դիմաց պահանջում է 8-15 հազար դոլար: Գումարը կախված է բնակարանների սենյակների քանակից:
Լուսաբեկ Սամվելյանը հայտնեց նաև, որ Հերմինե Նաղդալյանին, բնակիչների գումարների հետ միասին տվել է 180 հազար ԱՄՆ դոլար:
Իսկ Արմեն Թադևոսյանն իր վկայությունում նշեց, որ 2010 թվականի ապրիլին Ռազմիկ Ավագյանը հանդիպում է իրեն և կրկին ապառիկ մեքենա է առաջարկում:
Հետագայում Ավագյանը Թադևոսյանին 6 ամսով տալիս է Lexus RX 470 2004 թվականի արտադրության մեքենան: Լուսաբեկ Սամվելյանը հատուկ նշեց, որ Ավագյանն է իրենց առաջարկել, ոչ թե` իրենք:
Թադևոսյանը նշեց նաև, որ այդ մեքենայի շուկայական գինը 30 հազար ԱՄՆ դոլար է, իսկ իրենք այն վաճառել են 28 հազար ԱՄՆ դոլարով: 6 ամիս ապառիկ տալու համար յուրաքանչյուր ամիս 10 %-ով ավելացրել է մեքենայի արժեքը` ընդհանուր կազմելով 18 հազար դոլար:
Մեքենայի գինը 30 հազարից դարձել է 48 հազար ԱՄՆ դոլար, որի դիմաց Գևորգ Չաուշի 14/3 նորակառույց շենքի 48 բնակարանը 104 քմ ձևական առուվաճառքի պայմանագրով գրավադրում է իր աներոջ` Միսակ Սուրյանի անունով:
Ռազմիկ Ավագյանին նախօրոք Թադևոսյանն ասել էր, որ այդ բնակարանը կիսվող է, որից 45 քմ պատկանում է Ռուզաննա Զարգարյանին, իսկ 58,5-ը` Կարինե Պողոսյանին, ովքեր միանգամից վճարել էին բնակարանի գումարը:
Զարգարյանը նաև 2000 ԱՄՆ դոլար էր ծախսել գաջի և էլեկտրական լարեր քաշելու համար:
Նշենք, որ Ռուզաննան ունի երկու որդի, որոնցից մեկը, ավարտելով համալսարանը, ծառայում է ՀՀ Զինված ուժերում, իսկ մյուսը` ընդունվել է համալսարան և զորակոչվել բանակ: Երկուսն էլ այս պահին Ղարաբաղյան ճակատի առաջին գծում են: Փաստորեն, ստացվում է, որ Ռազմիկ Ավագյանը հափշտակել է հայկական բանակում ծառայող երկու զինվորների ընտանիքին պատկանող բնակարանները:
2011 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ՀՔԾ-ն որոշում է ընդունում Դավիթ Բեգլարյանին ճանաչել վաշխառու: Հաջորդ օրը Նաղդալյանը սպառնալով` փոխել է տալիս որոշումը: Ռազմիկ Ավագյանը` հարկայինի իր բարձր դիրքը չարաշահելով, իր բարեկամ Ալիկ Սարգսյանի պաշտոնն օգտագործելով, ՀՔԾ-ում արգելում է իրեն վաշխառու որակել:
Լուսաբեկ Սամվելյանը, 29 բնակարանի մասին խոսելով, նշեց, որ այն պատկանում է Նաիրա Բաբինյանին, ով լրիվ վճարել է բնակարանի գումարը` 11 մլն 250 հազար դրամ: Իսկ այս բնակարանը 10 հազար ԱՄՆ դոլար, ամսեկան 5 % գրավի դիմաց առուվաճառքի պայմանագրով ձևական գրավադրվել է Սաշա Գյոզալյանի մոտ` իր եղբոր դստեր` Տաթևիկ Գյոզալյանի անունով:
Սաշա Գյոզալյանին 6 ամիս ամսեկան 500 դոլար տոկոս են տվել` ընդհանուր 3000 ԱՄՆ դոլար:
ՀՔԾ-ն Գյոզալյանին ճանաչել է վաշխառու:
Սամվելյանը նշեց, որ Գյոզալյանին իրենց մոտ է բերել տոկոսչիներ հավաքող միջնորդ Միշա Սահակյանը, ով 5 % տոկոս է ստացել յուրաքանչյուր տոկոսչու դիմաց:
Մնում է հասկանալ` ՀՀ Կառավարությունն արդյոք կազդի՞ դատարանի վրա և վաշխառուներից կվերցնի՞ արդյոք բնակարաններն իրենց իրական տերերին տալու համար:
Տաթև Հարությունյան