Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին (2007–2012 թթ.) հայտարարել է, որ Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը Եվրոպական միությանը կամ ՆԱՏՕ-ին սխալ քայլ կլինի։ Այս մասին նա ասել է ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում։
«Չնայած ես համաձայն եմ, որ անհրաժեշտ է Ուկրաինային ապագայի համար հուսալի անվտանգության երաշխիքներ տալ, բայց նրա անդամակցությունն ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին կլինի սխալ։ Այդ քայլը շատ ավելի վնասակար կլինի եվրոպական գյուղատնտեսության համար», — նշել է Սարկոզին։
Նա հավելել է, որ Ուկրաինան չի կարող հաղթել Ռուսաստանին, և «այդ մասին բոլորը գիտեն»։ Նրա կարծիքով՝ Կիևը նման քաղաքականությամբ «կարող է էլ ավելի շատ բան կորցնել»։ Սարկոզին նաև նշել է, որ Ուկրաինայի տարածքային կորուստները «անխուսափելի» են։
Խոսելով Ռուսաստանի դիրքի մասին՝ նախկին նախագահը կարծիք է հայտնել, որ միջազգային մեկուսացման մեջ հիմա ավելի շատ Եվրոպան է, ոչ թե Մոսկվան։
2022 թվականի հունիսին Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային տրամադրել էր թեկնածու երկրի կարգավիճակ։ ԵՄ-ում բազմիցս նշել են, որ այդ որոշումն ավելի շուտ խորհրդանշական էր և նպատակ ուներ աջակցելու Կիևին և Քիշինևին՝ ՌԴ-ի հետ հակամարտության համատեքստում։
Միևնույն ժամանակ, մի շարք եվրոպական պետություններ բացահայտ հակազդում են Ուկրաինայի անդամակցությանը։ Մասնավորապես՝ Լեհաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ վետո կդնեն Ուկրաինայի ԵՄ մուտք վրա , եթե Կիևը չհամաձայնվի Վոլինի ջարդերի զոհերի մարմինների արտաշիրմանը։ Հիշեցնենք՝ այդ ողբերգության ընթացքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ուկրաինացի ազգայնականների գործողությունների հետևանքով հազարավոր լեհեր են զոհվել։
Նման դիրքորոշում է հայտնել նաև Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գույաշը՝ հայտարարելով, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին «պատմական սխալ» կլինի, քանի որ նրա վարքագիծը չի համապատասխանում թեկնածու երկրի կարգավիճակին։
Անի Վարդանյան


























