Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում անցկացվելու են ավագանու ընտրություններ։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հետ, ով «Հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված է որպես համայնքապետի թեկնածու։
-Պարո՛ն Մանուկյան, Դուք առաջադրվել եք Վաղարշապատի համայնքապետի ընտրություններին՝ «Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ Ձեր կուսակցության անվանումը խորհրդանշական է, սակայն վերջին տարիներին մեր հայրենիքի գաղափարը կարծես պառակտված է։ Ո՞րն է այն հայրենիքը, որի համար պայքարում է «Հայրենիք» կուսակցությունը։
-«Հայրենիք» կուսակցությունը պայքարում է այն հայրենիքի համար, որը սկիզբ է առնում Հայկ Նահապետից։ Դա այն հայրենիքն է, որը դարերի ընթացքում հարստացել է իր զավակների գիտությամբ, մշակույթով, ավանդույթներով։ Սակայն այսօր մեր աչքի առաջ այդ հայրենիքի արժեքները քայքայվում են։ Տարիներ շարունակ գործել են լրտեսական խմբեր, արվել են ներդրումներ, որոնք ուղղված են եղել մեր ազգային նկարագրի խեղմանը։ Այսօր, երբ հարձակվում են մեր ամենամեծ արժեքների վրա՝ այդ թվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, շատերը լռում են։ Այդ լռությունն ամենածանրն է. կարծես ժողովուրդը թմրած է, ինչպես թմրած են լինում վիրահատության ընթացքում՝ անզգայացման ժամանակ։
Ես դա եմ տեսնում՝ մեզ անզգայացրել են, որպեսզի առանց դիմադրության կարողանան իրականացնել իրենց ծրագիրը։ Իսկ մեր լռությունը հնարավորություն է տալիս չարագործներին իրականացնել իրենց չարամիտ նպատակները՝ ջնջելով հայկականությունը։ Հավանաբար կան պատվիրատուներ, որոնք շահագրգռված են՝ ոչնչացնելու մեր արժեքահամակարգը։ Երբ ազգը վերածվում է ամբոխի, այն դառնում է անկառավարելի եւ կորցնում է իր ինքնությունը։ Այդպես են կորչում մեր հիշողությունը, մեր մեծերի պատգամները՝ Կոմիտասի, Թումանյանի, մյուսների։ Մարդիկ դառնում են մանկուրտներ, առանց հիշողության ապրող զանգվածներ, որոնց կարելի է ցանկացած կերպ կառավարել։
-Պարո՛ն Մանուկյան, նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմությունն ու իշխանությունը փոխադարձաբար թիրախավորում են միմյանց։ Ձեզ նույնպես փորձում են կապել «նախկինների» հետ։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման պիտակավորումներին։
-Թող գան եւ իմ առջեւ ասեն. ովքե՞ր են այդ «կապողները»։ Ես անկախության տարիներին պայքարել եմ իշխանությունների սխալների դեմ՝ բարձրաձայնելով խնդիրները, երբ շատերը լռում էին։ Թող նայեն իմ հրապարակումները, որոնք բացահայտ վկայում են՝ ես երբեք որեւէ իշխանության կողմը չեմ բռնել։ Ես միշտ քննադատել եմ այն, ինչ սխալ եմ համարել։
Ինձ փորձում են կապել նախկինների հետ այն մարդիկ, որոնք այսօր վերածվել են քաղաքական դիակների, ու այժմ փորձում են այդպիսով վերակենդանանալ։ Ես ինքնիշխան հայ եմ։ Միակ մարդը, ում խոսքը կարող էր ինձ համար ուղենշային լինել, հայրս էր. նա հիմա չկա: Իսկ այդ երիտասարդներն այնքան չկան, որ հայտարարեն՝ ես որ կողմում եմ։ Թող իրենց մասին մտածեն։
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ



















































































