Այսօր առավոտյան ArmLur.am-ը գրել էր, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին Նիկոլ Փաշինյանը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։
Քիչ առաջ արդեն պաշտոնապես հաստատվեց տեղեկությունը: ArmLur.am-ի տեղեկություններով իշխանությունները, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դժգոհ են եղել նրա աշխատանքից:
Ո՞վ է Դանիել Դանիելյանը։
Դանիել Դանիելյանը երաժիշտ է, խմբավար և մշակութային գործիչ, որը երկար տարիներ գործունեություն է ծավալել Ֆրանսիայում՝ հատկապես Լիոնի մետրոպոլիայի համայնքներում։ Նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, աշխատել է երգչախմբերի հետ, եղել է Լիոնի օպերետային թատրոնի արտիստ, զբաղեցրել է նաև տեղական ինքնակառավարման պաշտոններ Ֆրանսիայում։
2023 թվականի օգոստոսին նա նշանակվել էր Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ՝ փոխարինելով Արա Խզմալյանին։
Նրա նշանակումը ներկայացվում էր որպես սփյուռքի փորձի ներգրավման օրինակ։ Կառավարությունն ընդգծում էր նրա միջազգային կապերը, մշակութային կառավարման փորձն ու եվրոպական համայնքային կառավարման մոդելների իմացությունը։ Բայց, փաստորեն Դանիելյանը տապալել է, իր առջև դրված պահանջները:
Դանիել Դանիելյանի գործունեությունը հատկապես կենտրոնացած էր մշակույթի ոլորտի վրա՝ արվեստի կրթություն, մանկապատանեկան նախագծեր, միջազգային մշակութային համագործակցություն և գեղարվեստական կրթության քաղաքականություն։ Նա ակտիվ մասնակցում էր համերգների, փառատոնների, մրցույթների ու մշակութային միջոցառումների կազմակերպմանը և ներկայացմանը։
Այնուամենայնիվ, Դանիելյանի պաշտոնավարման շրջանը զերծ չմնաց սկանդալներից։ Հանրային դաշտում ամենաշատ քննարկվածներից մեկը հոգևորականի հասցեին հնչեցրած արտահայտությունների շուրջ առաջացած աղմուկն էր, որը քաղաքական ու հասարակական արձագանք ստացավ։ Այդ դրվագը ևս նպաստեց նրան, որ փոխնախարարի կերպարը հանրության մի մասի համար ձևավորվի ոչ այնքան որպես համակարգային բարեփոխիչ, որքան որպես հակասական պաշտոնյա։
Այս պաշտոնանկությունը, ցույց է տալիս, որ իշխանությունը փորձում է վերադասավորել մշակութային բլոկը՝ հատկապես այն փուլում, երբ հասարակական դժգոհություններն ավելի տեսանելի են դարձել։
Սոնա Գրիգորյան




























