Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը, որի ընտրողների 96,2%-ը մայիսի 11-ի հանրաքվեում քվեարկել է տարածաշրջանի ինքնիշխանության օգտին, հայտարարել է Ուկրաինայից իր անկախացման մասին:
Լուգանսկում կայացած հանրահավաքին այդ մասին հայտարարել է «ժողովրդական նահանգապետ» Վալերի Բոլոտովը»: Նույն օրը իր անկախացման մասին է հայտարարել նաև Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը, որը դիմել է Մոսկվային՝ Ռուսաստանի դաշնությանը միանալու խնդրանքով:
Դոնեցկում անկախության օգտին է քվեարկել ընտրողների 90%-ը: Հանրապետության ժամանակավոր կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ Դոնետչինան միշտ եղել է ռուսաստանյան կայսրության մասը, և «միայն 1917-ի արյունալի աղետից հետո է պայմանական սահմաններով անջատվել մեծ Ռուսաստանից»:
«Россия 24» հեռուստաալիքի եթերում Պուշիլինը հայտարարել է, որ Դոնեցկը միավորման նպատակով բանակցում է Լուգանսկի առաջնորդների հետ: Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել, մնում է որոշել, թե ինչպես է դա իրագործվելու. տեղեկացնում է news.mail.ru-ն: