Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մի քանի անգամ շեշտեց, որ ինքը պաշտոնից ոչ թե ազատվել է, այլ հեռացել սեփական դիմումի համաձայն` այդպես էլ չնշելով, սակայն, աշխատանքից հեռանալու պատճառները: Այդուհանդերձ, նա ամեն կերպ հերքեց մեր լավատեղյակ աղբյուրներից ստացած տեղեկությունները եւ առանձնակի զարմանքով հավելեց, որ նման լուրեր առաջին անգամ մեզնից է լսում:
-Պարո՛ն Գյանջումյան, ճի՞շտ է, որ Դուք պաշտոնից հեռացվել եք Կենտրոն վարչական շրջանի թաղապետի պարտականությունները ոչ նորմալ կատարելու համար: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Ձեր աշխատանքից դժգոհություններ են եղել` մասնավորապես կանաչապատման եւ ձյան մաքրման հետ կապված դժգոհությունները հաշվի առնելով:
-Նախ` ինձ չեն հեռացրել, ես աշխատանքից ազատվել եմ իմ սեփական դիմումի համաձայն, եւ հետո` առաջին անգամ եմ նման բան լսում: Ի՞նչ կանաչապատման դժգոհություն: Ձյունն էլ հնարավորինս մաքրվել է, զարմանում եմ, որ բողոքներ կան, ով էլ որ բողոքել է, չգիտեմ, երեւի ձմռան ընթացքում տանից դուրս չի եկել:
-Լուրեր կային, որ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն իր հրաժարականից հետո մշտապես եկել է Կենտրոնի թաղապետարան, որտեղ նրան նույնիսկ առանձին սենյակ է հատկացվել: Ի՞նչ պաշտոն էր նա զբաղեցնում թաղապետարանում, եւ ո՞ւմ սենյակն էր նրան տրվել:
-Հերքում եմ այդ տեղեկությունը, նման բան չի եղել:
-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ թաղապետարանում Ձեր բացակայության ժամանակ մի աղջիկ մշտապես հրամաններ է տվել, նա Ձեր օգնակա՞նն էր եւ ունե՞ր արդյոք այդ իրավունքը:
-Առաջին անգամ եմ լսում, ի՞նչ աղջիկ, ես նման բան չգիտեմ, ո՞ւմ մասին է խոսքը, ես օգնական չեմ ունեցել, հիմա էլ կադրային հարցերով կադրերի բաժնում կան աշխատողներ, բայց ձեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Իմ աշխատանքի ամբողջ ընթացքում ես ոչ մի օր անհարգելի չեմ բացակայել աշխատանքից եւ աշխատանքային օրերին մի բան էլ շուտ եմ գնացել թաղապետարան: Ոչ ոք այնտեղ հրամաններ չի տվել, այդ ի՞նչ աղջկա մասին է խոսքը, չեմ հասկանում:
-Այդուհանդերձ, պարո՛ն Գյանջումյան, Ձեզ նոր պաշտոն առաջարկե՞լ են, իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում հետագայում օգտագործել Ձեր կարողությունները:
-Այո՛, ինչ-որ խոսակցություններ կան, առաջարկներ էլ են եղել, բայց դեռ հստակ ոչինչ չեմ որոշել, այդ պատճառով էլ չեմ մեկնաբանի:
-Հնարավո՞ր է արդյոք, որ սեփական դիմումի համաձայն թաղապետի պաշտոնից հեռանալուց հետո դուրս գաք նաեւ ՀՀԿ-ից:
-Ո՛չ, ինչի՞ պետք ա ՀՀԿ-ից դուրս գամ, ո՛չ, չեմ պատրաստվում հեռանալ:
ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Է ԼՍՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ