Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց եւ, ըստ էության, ավարտվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ նույն գործով մեղադրվում են նաեւ Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վահան Խանզադյանը:
Պաշտոնական լիազորությունները չարաշահելու, կեղծիքի ու պաշտոնական անփութության մեջ մեղադրվող ամբաստանյալների նկատմամբ անցած դատական նիստում դատախազը դատարանին միջնորդեց Արմեն Պողոսյանին եւ Վահան Խանզադյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել: Իսկ Հովհաննես Թամամյանի նկատմամբ պահանջեց 4 տարի ազատազրկում:
Թամամը երեկ դատարան մտավ բարձր տրամադրությամբ, բարեւեց բոլորին: Նրա պաշտպան Վաղարշակ Գեւորգյանն իր ճառում նախ հայտարարեց, որ սպասում է արդար վճռի, որը չի զրկի Հովհաննես Թամամյանին ազատությունից, քանի որ նա ունի մի շարք մեղմացնող հանգամանքներ, այդ թվում մինչեւ 14 տարեկան անչափահաս երեխա, նախկինում դատված չի եղել, նախաքննությանը ներկայացել է առաջին իսկ կանչով, տվել է ճիշտ ցուցմունքներ եւ նպաստել քրեական գործի բացահայտմանը:
«Պատժի խստությամբ չէ, որ դատարանը կհասնի արդարադատությանը, իմ պաշտպանյալն արդեն իսկ կրել է իր պատիժը»,-ասաց նա: Ամբաստանյալները վերջին խոսքի իրավունքից չօգտվեցին, միայն Թամամյանն ասաց, որ ինքն ամեն ինչ պետության համար է արել: «Հարգելի՛ դատարան, 35 տարի պետական պաշտոնում եմ աշխատել, նվիրված եմ Հայաստան պետության ոստիկանությանը, մնում եւ մնալու եմ նվիրված»:
Մեծ էր դատավարության մասնակիցների զարմանքը, երբ դատավոր Արշակ Վարդանյանը հայտարարեց ե՛ւ խորհրդակցական սենյակ մտնելու, ե՛ւ մեկ ժամ անց վճիռը հրապարակելու մասին, ինչից պարզ դարձավ, որ վճիռը նախապես արդեն գրված էր: Նկատենք, որ դատավորն էլ շատ հարթ կարդաց այն` դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին` նրան զրկելով նաեւ 2 տարի տեղական եւ պետական մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Արմեն Պողոսյանն ու Վահան Խանզադյանը դատապարտվեցին 2,6 տարի պայմանական ազատազրկման: Նրանք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից: Դրսում արդեն նրանց հարազատները ոգեւորված ողջագուրվում էին: Հուզմունքից, թե ուրախությունից` նրանք լրագրողներին ոչինչ չասացին, եւ ամեն մեկն իր թանկարժեք մեքենայով հեռացավ:
Իսկ լրագրողների հետ մնաց Թամամի փաստաբանը: Վերջինս գլխիկոր էր եւ ասաց, որ Թամամյանի հետ խոսելուց հետո միայն կարող է ասել` վճիռը բողոքարկվելու է, թե ոչ:
ԹԱՄԱՄԻ ՎՃԻՌԸ ՎԱՂՈՒՑ ԷՐ ԿԱՅԱՑՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ