Մեկ ամսվա ընթացքում մահացածների անունով ավելի քան մեկ մլն դրամ են հավաքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նիստը շարունակվեց վկա Գոհար Միքայելյանի հարցաքննությամբ:

«Ծերեթելիում եմ բնակվում, և Գրիգոր Հովակիմյանն իմ հարևանն էր մինչև երկու հազար թիվը: Տունը վաճառել են: Դրանից հետո իրենք երբեք Երևան չեն եկել»,- ասաց վկան և բացառեց այն հանգամանքը, որ որևէ մեկը կարող էր Հովակիմյանի կենսաթոշակը ստանալ:

Պաշտպանի հարցին` ավելի շատ Հովակիմյանը նրա՞ն կվստահեր գումարը ստանալ, թե՞ իր եղբորը, վկան դժվարացավ պատասխանել:

Դատարանը հայտնեց, որ վկա Արմինե Հարությունյանը չի կարողացել ներկայանալ դատարան, ուստի հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, որում մասնավորապես ասվում էր, որ վկայի հարևանը` Շուշիկը, բավական երկար ժամանակ Հայաստանում չի եղել, և որևէ անգամ նրանց բնակարան սոցապ բաժնից աշխատողներ չեն ժամանել և կենսաթոշակի մասին չեն հայտնել:

Ապա ցուցմունք տվեց ամբաստանյալ Վիգեն Գևորգյանը, ով նշեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

«Ես չեմ իմացել, որ տեղի են ունենում մասսայական հափշտակություններ, չեմ գիտակցել, որ կատարվում է նման հանցագործություն: Եղել են դեպքեր, որ ես գումարները վճարել եմ կենսաթոշակառուների բարեկամներին և շատ դեպքերում նրանց չեմ ճանաչել: Իմ պատկերացմամբ` գումարները վճարել եմ կենսաթոշակառուներին:

Վճարման ցուցակներում բարեկամներին վճարելու ժամանկ գրել եմ այդ մարդկանց անձը հաստատող փաստաթղթերի տվյալները: Եթե գիտակցեի, որ հափշտակություններ են տեղի ունենում, երբեք նրանց անձը հաստատող փաստաթղթերի տվյալները չէի գրի: Որոշ դեպքերում ես նույնիսկ հանրապետությունում չեմ եղել»,- իր ցուցմունքն ընթերցեց ամբաստանյալը և հրաժարվեց հարցերին պատասխանել:

Մեղադրող Հովհաննիսյանը նկատեց, որ կարիք կա ընթերցել նախաքննական ցուցմունքը` կարծիք հայտնելով, թե ամբաստանյալը պաշտպանական ճառ էր ընթերցում:

Ըստ մեղադրողի, ամբաստանյալը նախաքննությանը մասնակի խոստովանական ցուցմունք է տվել:

Դատարանը մեղադրողի միջնորդությունը բավարարեց` հաշվի առնելով, որ առկա են էական հակասություններ դատաքննական և նախաքննական ցուցմունքներում

Այսպես, նախաքննական ցուցմունքում ամբաստանյալը նշել է, թե երբևէ առանց վճարման ծառայության պետ Հ. Գրիգորյանի իրազեկման որևէ վճարում չի արել: Ամսվա կտրվածքով հավաքվել է ավելի քան մեկ մլն ՀՀ դրամ:

«Միշտ Ա. Աբրահամյանն ու Հ. Գրիգորյանը տեղյակ են եղել վճարումների մասին, ավելին` նշել են, որ Խաչիկյանը նույնպես տեղյակ է: Չեն եղել դեպքեր, որ ինձ դիմեն քաղաքացիներ իրենց բարեկամի կենսաթոշակը ստանալու համար: Թե որքան էր կազմում այդ գումարներից Գրիգորյանի մասնաբաժինը, տեղյակ չեմ»,- ասվում է նախաքննական ցուցմունքում:

Վերջում ամբաստանյալը նշել է, որ եթե չաներ նրանց ասածները, իրեն աշխատանքից կազատեին:

Ցուցմունքներից մեկում էլ ամբաստանյալն ասել է, թե Արթուր Սուքիասյանին, ով հիմա ևս ամբաստանյալի կարգավիճակում է, ճանաչել է և երբևէ չի իմացել, որ Արթուրի կողմից ուղարկված մարդիկ, ովքեր պետք է ստանային իրենց բարեկամների կենսաթոշակը, իրականում մահացածների գումարներն են ստացել:

Ամբաստանյալ Գևորգյանը հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից և խնդրեց ընդունել միայն իր դատաքննական ցուցմունքը:

Դատական նիստը շարունակվում է:




Լրահոս