Օրերս «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանը, ով առողջական խնդիրներ ունենալու պատճառով արդեն տևական ժամանակ է` գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, գրավոր դիմել է ՔԿՀ պետին` խնդրելով հանդիպում կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: ՔԿՀ պետը, սակայն, մերժել է դատապարտյալի խնդրանքը` պատճառաբանելով, թե այս պահին նպատակահարմար չէ, և ՔԿՀ-ում աշխատանքային գերծանրաբեռնվածություն է:
Armlur.am-ի հետ զրույցում դատապարտյալի կինը` Կարինե Հակոբյանը, հայտնեց, որ այսօր` հոկտեմբերի 9-ին, ամուսնուն տեսակցության է այցելել դատաբժիշկ Ռիգել Վարդանյանը, ով արձանագրություններ է կատարել Արտակ Հակոբյանի վիճակի մասին: «Դատաբժիշկը լուսանկարել է ամուսնուս ոտքերը, որոնք նա օրեր առաջ գամել էր և ձեռքերը, որոնք ևս վնասել էր»,- հավելեց Կարինե Հակոբյանը:
Նշենք, որ Հակոբյանը սեպտեմբերի 26-֊ին ինքնանվասման փորձ էր արել, քանի որ, իր պնդմամբ, ճնշումների էր ենթարկել ՔԿՀ-ի օրվա հերթապահ պատասխանատու մայոր Սմբատ Հակոբյանի կողմից։ Ասուլիսի ընթացքում նա ցանկանում էր խոսել բանտային կյանքի և իր նկատմամբ առկա ճնշումների մասին։
Նախկինում Հակոբյանը մի քանի անգամ բողոք է ներկայացրել ՔԿՀ-ների դեմ՝ դիմելով դատարան: Ըստ դատապարտյալի՝ իր նկատմամբ ճնշումներ են գործադրում, իսկ իրենից վրեժ լուծելու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ իր ցուցմունքների հիման վրա համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ Դավիթ Մուրադյանը և նույն ՔԿՀ-ի ևս մեկ աշխատակից: