Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր armlur.am-ը, Կառավարության շենքի առջև են հավաքվել Եկմալյան 4/17 հասցեի սեփական տների մի քանի բնակիչ, ովքեր պահանջում են փոխհատուցել իրենց քանդված բնակարանների դիմաց: 2007-ից ի վեր նրանց խոստումը չի կատարվել:
«Ո՛չ բնակարան են տալիս, ո՛չ էլ բնակարանների գումարն են տալիս: Մնացել ենք անտուն-անտեղ` փողոցներում: Անգամ գումար չեն տալիս, որ գոնե վարձով ապրենք»,- բողոքում են նրանք:
Զայրացած բնակիչներն արդեն փակել են Ամիրյան փողոցը և պահանջում են, որ վարչապետն իջնի ու լսի իրենց պահանջները:
12.28. Մեր թղթակիցը Կառավարության շենքի մոտից հայտնում է, որ քիչ առաջ իրադարձությունների կենտրոնում հայտնվեց Վալերի Օսիպյանը՝ ասելով. «Ի՞նչ եք սիլի-բիլի անում»: Երևանի փոխոստիկանապետի այս արտահայտությունից հետո իրավիճակն էլ ավելի սրվեց: Բնակիչներն անգամ սպառնում են ջարդել Գործադիրի շենքի դուռն ու ներս մտնել:
12:40. Այս պահին արդեն բողոքող քաղաքացիները Կառավարության շենքի ընդունարանում են. նրանց խոստացել են հանդիպում որևէ պաշտոնյայի հետ, ով կլսի նրանց ու կփորձի պատասխանել հուզող հարցերին:
Լուսանկարները` armlur.am-ի