ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀԸ ՍՏԻՊԵԼ Է ԼՌԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը դաժանաբար ծեծել է Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի մի վարորդի, որին, սակայն,  հիվանդանոց չեն տեղափոխել: Ըստ մեր տեղեկությունների՝ Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը եւս «խառնվել» է այս ամենին եւ անգամ գիշերվա կեսին գնացել է Պտղնի գյուղ՝ ավտոբուսի վարորդի տուն՝ վերջինիս համոզելու չբարձրաձայնել իր հետ տեղի ունեցածի մասին:  
Ավտոբուսի վարորդը, որին դաժանաբար ծեծել է Էդուարդ Բաբայանը, 37-ամյա Արկադի Գրիգորյանն է: Համաձայն տարածված տեղեկությունների՝ Գագիկ Ծառուկյանի թիկնապահը նրան ծեծել է այն բանի համար, որ վերջինս չի արձագանքել  մեքենան դուրս հանելու Էդոյի հրահանգին: Գրիգորյանին նախ ծեծել են իր մեքենայում, ապա այլ մեքենայով տեղափոխել Ծառուկյանին պատկանող մի գազալցակայան ու շարունակել ծեծել: Իսկ վերջում երիտասարդ վարորդին ստիպել են, որպեսզի կատարվածի մասին ոչ ոքի ոչինչ չասի:
Ըստ շրջանառվող լուրերի՝ տուժածին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Սակայն առողջապահության նախարար Հաություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք նման  տեղեկատվություն չունեն:  Մեր տեղեկություններով՝ Արկադի Գրիգորյանին ճանապարհի կեսից որոշել են չտեղափոխել հիվանդանոց, որպեսզի «շուխուր» չլինի: Այնուհետեւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին ուղարկել են իր հարազատ Պտղնի գյուղ, որպեսզի վարորդին համոզի «բերանը չբացել»:  Ի վերջո, Պողոսյանին հաջողվել է վարորդին համոզել, որպեսզի չխոսի այդ ամենի մասին` փոխարենը խոստանալով  տան պայմաններում անհապաղ կազմակերպել ծեծվածի բուժումը:
Տեղեկությունը ճշտելու համար երեկ՝ ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ»-ը փորձեց խոսել Նվեր Պողոսյանի հետ, սակայն ապարդյուն. վերջինս մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում: Գեղարքունիքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Հասմիկ Շահբազյանը եւս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Փոխարենը մեզ հաջողվեց զրուցել Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի հետ, որն ասաց, թե այդ տեղեկությունները հերյուրանք են. «Դրանք ընդամենը պատվերներ են, ես այդ մարդուն ո՛չ տեսել եմ եւ ո՛չ էլ այդ պատմությունից տեղյակ եմ»: Իսկ ծեծված Արկադի Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, թե բոլոր հարցերն արդեն լուծված են, եւ իրեն պետք չէ անհանգստացնել: «Ոչ մեկի անունն էլ չկա, սաղ նորմալ ա, ըտենց բան չկա, ես ասում եմ՝ ոչ մեկ ոչ մի կապ չունի, էս հարցը լուծվել ա, ու ինձ մի՛ անհանգստացրեք»,-վրդովված ասաց ծեծված վարորդն ու անջատեց հեռախոսը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս