Շանթին արհամարհում էին, հիմա սկսել են պաշտպանել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Աժ-ում ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, անդրադարձել են Շանթ Հարությունյանի եւ նրա 12 ընկերների դատավճռին` այն համարելով անարդար, իսկ դատապարտվածներին հռչակելով քաղբանտարկյալներ:

Շանթի եւ նրա ընկերների նկատմամբ հոկտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը դժվար թե որեւէ մեկի համար անսպասելի էր: Թե՛ ողջ դատավարության ընթացքը, թե՛ մինչ դատավճռի կայացումը ԱՄՆ-i Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը որեւէ մեկի մոտ չպետք է պատրանքներ կամ սպասելիքներ թողնեին, որ Շանթին չեն դատապարտելու, կամ էլ պատժաչափը մեղմ է լինելու:
Սակայն, չգիտես ինչու, դատավճռի կայացումից հետո անսպասելիորեն շանթասեր դարձած հայրենի ընդդիմության ներկայացուցիչներն անցած գրեթե մեկ տարվա ընթացքում այդպես էլ որեւէ գործուն քայլ չձեռնարկեցին ի պաշտպանություն Շանթի, նրանք իրենց հասու որեւէ լծակ, եվրոպական կազմակերպություններում ունեցած որեւէ մանդատ չօգտագործեցին` Շանթի հարցում այս իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար:

Ավելին՝ ոչ իշխանական եռյակի ամենաարմատական ուժի ամենաարմատական առաջնորդներն ընդամենն ամիսներ առաջ հրաժարվում էին Շանթին քաղբանտարկյալ անվանել:

Հիշեցնենք, որ անցած մայիսին «Երիտասարդական» կոնգրեսում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում, թվարկելով ՀԱԿ-ի ընկալմամբ բոլոր քաղբանտարկյալների անունները, ոչ միայն չնշեց Շանթի եւ նրա ընկերների անունները, այլեւ ավելի ուշ ասաց, թե Շանթն ու ընկերները «դեռ քաղբանտարկյալներ չեն», նրանք «մոտենում են» քաղբանատարկյալի չափանիշներին: «Շանթ Հարությունյանի դեպքում արդեն երկարում է գործի քննությունը, եւ դա բերում է մի իրավիճակի, որ արդեն կարելի է հետաքննել, թե արդյոք այս գործը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի քաղբանտարկյալի չափանիշներին, որովհետեւ չափանիշներից մեկով, եթե քաղաքական դրդապատճառներով երկարում են կալանավորման ժամկետները, դա նույնպես կարող է դիտարկվել որպես քաղբանտարկյալ»,- պարզաբանեց Զուրաբյանը:

Այդպիսով՝ փաստորեն ՀԱԿ-ի համար ակնհայտ եւ անվիճելի իրողություն չէր, որ Շանթին ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով. ըստ Զուրաբյանի, Շանթի դեպքում խնդիր կարող էր դառնալ այն, որ գործը երկարում էր, եւ հենց այս պատճառով նա կարող էր դասվել քաղբանտարկյալների շարքին: Հետաքրքիր կլիներ լսել, թե նման մոտեցում ունեցող ուժի կողմից պոստֆակտում իրեն քաղբանտարկյալ դասելուն եւ իր հաշվին «միավորներ» վաստակելուն ինչպես կարձագանքեր այսօր Շանթ Հարությունյանը: Վստահաբար՝ դա տպագրման ենթակա տեքստ չէր լինի:




Լրահոս