ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ «ԿՈՇ» ՔԿՀ-Ի ՊԵՏԻ ԴԵՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Ավետիս Ստեփանյանի նկատմամբ դատապարտյալներից կաշառք վերցնելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:

Նախ տեղեկացնենք, թե ինչի մասին է խոսքը. հոկտեմբերի 24-ին հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի առանձին պաշտոնատար անձինք դատապարտյալներից պարբերաբար, որպես կաշառք, ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ` ծառայության գծով հովանավորչության եւ թողտվության համար:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով):

Որտեղից բացահայտվեց կաշառքի գործը
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչ «Կոշ» քրեկատարողական հիմնարկի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կաշառքի գործի բացահայտումը, ՔԿՀ-ում դատապարտյալների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչից հետո նրանցից մեկը մահացել է: Ըստ ՔԿՀ-ում պտտվող խոսակցությունների՝ դատապարտյալը մահացել է ծեծի հետեւանքով, սակայն պաշտոնական վարկածի համաձայն՝ նա մահացել է վայր ընկնելու հետեւանքով: Դատաբժշկական եզրակացության համաձայն եւս դատապարտյալի մահը վրա է հասել վայր ընկնելու հետեւանքով:
Ու մինչ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները զբաղված են եղել մահացած դատապարտյալի գործը քննելով, մեկ այլ աղմկալի պատմության հետ են բախվել: Պարզվում է՝ մահացածի գործով քննության ընթացքում քննիչները բացահայտել են, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք դատապարտյալներից պարբերաբար, որպես կաշառք, ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատապարտյալներից մեկը ցուցմունք է տվել «Կոշ» ՔԿՀ-ի պետ Ավետիս Ստեփանյանի դեմ՝ հայտնելով, որ վերջինս դատապարտյալներից ամսական 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել՝ ՔԿՀ-ում նրանց արտոնություն տալու համար: Այս գործն անջատվել է մահվան առիթով հարուցված քրգործից եւ ուղարկվել ՀՔԾ:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «ԿՈՇ» ՔԿՀ-ի պետ Ավետիս Ստեփանյանի հետ:
-Պարո՛ն Ստեփանյան, Ձեր դեմ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դատապարտյալներից շատերը Ձեզ ամեն ամիս 2 միլիոն դրամ են տվել, որ իրենց արտոնյալ զգան ՔԿՀ-ում:
-Ի՞նչ, 2 միլիո՞ն, ես տեղյակ չեմ: Ձեզանից եմ առաջին անգամ լսում: Օրերս ՀՔԾ-ն տեղեկություն տարածեց, որ առանձնահատուկ իմ դեմ չի, այլ առանձին պաշտոնատար անձանց:
-Վստա՞հ եք, որ կաշառք վերցնելու գործի մեջ Դուք չկաք:
-Ի՞նչ եք ուզում ինձանից, առաջին անգամ եմ այդ մասին լսում: Ինչ կա կայքում, դա գիտեմ:
-Դատապարտյալները Ձեր անուն են տվել:
-Տեղյակ չեմ, որ իմ անունն են տվել: Գրված է մի խումբ անձանց կողմից, չգիտեմ՝ իմ անունը այդ մի խումբ անձանց մեջ շոշափվում է, թե ոչ: Ծառայողական քննություն են անում, կքննեն, կպարզեն, խնդիր չի:
-Ձեզ հատուկ քննչական ծառայություն չե՞ն կանչել:
-Դեռ ոչ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԶԱՊԻՆ ՎՏԱ՞ՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
Երեկ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Երեւանի Խորենացի փողոցից հայտնաբերել եւ ձերբակալել են գյումրեցի «օրենքով գող» «Զապին»՝ Անդրանիկ Սողոյանին: Վերջինս Չեխիայի իրավապահների կողմից գտնվել է հետախուզման մեջ: Նա մեղավոր է ճանաչվել հայ գործարարի սպանության եւ շորթում կատարելու համար: Չեխիայի դատարանը «գողին» հեռակա դատապարտել է 22 տարվա ազատազրկման:
Որոշ գնահատականների համաձայն` Զապը, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, լուրջ խնդիրներ կարող է ունենալ քրեական հեղինակությունների հետ: Իբրեւ պատճառ նշվում է այն հանգամանքը, որ Օշականցի Գեւորիկ-Երրորդմասցի Լյովիկ հակամարտությանը Զապը ունեցել է «գողերի օրենքների» սահմաններից դուրս մասնակցություն:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը ավելի վաղ հայտնել էր մարտին հանրապետությունում սկսված քրեական աշխարհի խմորումների մասին, որոնք սպառնում էին վերածվել արյունահեղության: Դրանց մասնակցություն է ունեցել նաեւ Զապը:
Այսպես՝ այն ժամանակ, երբ քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի «Տույ» մականվամբ, եւ Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել «օրենքով գող» «Օշականցի Գեւորիկին»՝ Գեւորգ Մելիքյանին, նրանց հաշտեցումը փորձել էր կազմակերպել ոչ միայն հայկական մաֆիան՝ կառավարման մակարդակով. արտասահմանից հատուկ այս հարցը լուծելու նպատակով Հայաստան էին ժամանել «գողեր», այդ թվում՝ Զապը: Վերջինս, սակայն, քաղաքական մակարդակով էր փորձել միջամտել հեղինակությունների հաշտեցմանը: Պռոշյան փողոցում գտնվող «Ֆորում» ռեստորանում հավաքվել էին մաֆիայի ներկայացուցիչները եւ մի քանի «գողականներ»:
«Օրենքով գողերի» թեւը պնդում է, որ Զապն իրավունք չուներ ականջալուր լինելու Սոչիից հնչած ինչ-որ զանգերի եւ գնար այդ հանդիպմանը: «Եթե նա գնացել է այդ հանդիպմանը, ուրեմն մեր մեջի դավաճանն է, որի հարցը դեռ առանձին քննարկման թեմա է»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես էր ներկայացրել կատարվածը քրեական հեղինակություններից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք նշում:
Այսպիսով՝ գալիս ենք եզրահանգման, որ առաջին հայացքից վերջնարդյունքի հասած քրեական «ռազբորկան» դեռեւս շատ ջուր կքաշի:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՀԱԶԱՆԳ
Հոկտեմբերի 29-ին Գյումրիում սպանված Արտյոմ Ադանալյանի կյանքը միգուցե կարողանային փրկել, եթե հարազատները չվախենային իրավապահների ձեռքը ընկնելուց եւ գիտակցեին, որ տղայի՝ դանակից ստացած վնասվածքը կյանքի համար վտանգավոր է:
Նշված օրը՝ ժամը 22:15-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ սրտի շրջանում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի Մուշ հիվանդանոց է տեղափոխվել «Շիրակշին» կոչվող տարածքի բնակիչ, 26-ամյա Արտյոմ Ադանալյանի դին: Երիտասարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Մինչ տղային հիվանդանոց տեղափոխելը, սպանված տղային հարազատները ծեծի են ենթարկել շտապօգնության աշխատակիցներին: Մեր տեղեկություններով՝ դանակահարությունը տեղի է ունեցել ժամը 21-ի սահմաններում, սակայն տղայի հայրը` Ավետիք Ադանալյանը, որդու ընկերներին թույլ չի տվել, որ զանգահարեն շտապօգնություն, որովհետեւ չի ցանկացել ավելորդ գլխացավանքի մեջ ընկնել: Սպանվածի մտերիմները մտածել են, որ տղայի վնասվածքը լուրջ չէ, սակայն երբ հասկացել են, որ Արտյոմը մահանում է, նոր միայն դիմել են բուժօգնության:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ հայր ու որդի տնակում իրենց ընկերների հետ խնջույք են կազմակերպել, որի ընթացքում էլ ինչ-որ պատճառով վեճ է ծագել, որն ավարտվել է դանակահարությամբ: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

 

ԲԱԶՄԱՍԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Դեռեւս 2012թ. ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Բազմասեր Առաքելյանի գործը հասել է դատարանին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երկու տարի առաջ պատգամավորը քաղաքացիական հայցով դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Փարպի գյուղապետարանից պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը:
Պարզվում է՝ 1996թ. Փարպի գյուղական խորհրդի նախագահի կողմից ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն դառնալու կապակցությամբ Բազմասեր Առաքելյանն իբրեւ պարգեւ ստացել է 1.200 քմ մակերեսով տնամերձ հողամաս: Սակայն հետագայում հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը չի ձեւակերպվել: ԱԺ պատգամավորը պարսպապատել է հողամասը ու վճարել բոլոր հարկերը: Սակայն միեւնույն է՝ հողամասը փաստաթղթերով դեռեւս նրան չի պատկանել, եւ քանի որ գյուղական խորհրդի որոշման կայացումից երկար ժամանակ է անցել, պատգամավորն այլեւս ստիպված է եղել հողամասի նկատմամբ իր իրավունքը գրանցելու համար դիմել դատարան: Ի դեպ, դատարանը բավարարել է պատգամավորի պահանջը:

 

ՆԱՊՈԼԵՈՆ ԱԶԻԶՅԱՆԸ «ԴԱՏԻ» Է ՏՎԵԼ ԿՆՈՋԸ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն այս տարվա սեպտեմբերի 16-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ինչպես պարզեցիք՝ նախկին պատգամավորը հայցը ներկայացրել է իր կնոջ` Լարիսա Միքայելյանի դեմ` պահանջելով առոչինչ ճանաչել ինչ-որ գործարք: «Ժողովուրդ»-ը փորձեց նախկին պատգամավորի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանից պարզել, թե ինչ խնդիր ունի պատգամավորն իր կնոջ հետ, որ դիմել է դատարան: «Կեղծ պայմանագիր է եղել, դիմել են դատարան՝ այն կարգավորելու համար»: Իսկ թե ինչ պայմանագիր է եղել ամուսինների մեջ, Լեռնիկ Հովհաննիսյանը չցանկացավ մանրամասնել` ասելով, որ շուտով վճիռը կհրապարակվի, կիմանանք:

 

 




Լրահոս