«ՇՈՊԼԻԿՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐՊԵՍ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Երգիչ, գործիքավորող Գուժը, ով վերջերս հանրությանը ներկայացրեց իր նոր «Oh!» ստեղծագործությունը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ հայկական շոու-բիզնեսի ոլորտը ողողվել է գործից անտեղյակ մարդկանցով, ովքեր, շատ փող ունենալով, կարողանում են ճաշակ թելադրել:
-Վերջերս ներկայացրեցիք Ձեր՝ թվով երրորդ տեսահոլովակը: Դուք գործիքավորող եք, երգիչ, այս անգամ արդեն հանդես եք եկել որպես ռեժիսոր. շատ չէ՞:
-Սա առաջին անգամն էր, որ ուժերս փորձել եմ որպես ռեժիսոր, փորձել եմ մինիմալի սահմաններում գեղեցիկ տեսահոլովակ ստանալ, կարծես թե ստացվել է: Չեմ կարծում, թե լավ բանը կարող է շատ լինել: Համաձայն եմ, որ ամեն ոլորտում կան վարպետներ, բայց միեւնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ նրանք աստիճանաբար աշխատելով են վարպետացել:
-Գիտենք, որ շատ բծախնդիր եք Ձեր աշխատանքի նկատմամբ, Ջուսի հետ համատեղ տեսահոլովակը, օրինակ, սկզբում չեք հավանել, եւ Ձեզ դժվարությամբ են համոզել, որ այն եթեր հեռարձակվի: Ուրիշների ստեղծագործություններին է՞լ եք քննադատաբար մոտենում:
-Այո՛, շատ բծախնդիր եմ, հատկապես ինքս իմ նկատմամբ, պահանջկոտ եմ ու մաքսիմալիստ: Ուրիշների գործերում էլ թերություններ տեսնելով՝ չեմ կարողանում ժպտալ ու ասել, որ ամեն բան լավ է, նախընտրում եմ նրանց ասել թերությունների մասին:
-Ձեր մուտքը հայկական շոու-բիզնես նշանավորվեց Ջուսի հետ տեսահոլովակով: Նա, առհասարակ, օգնե՞լ է Ձեզ կայանալ այս ոլորտում:
-Այո՛, մենք լավ ընկերներ ենք, եւ ես շատ ուրախ եմ, որ նրա հետ դուետի հիման վրա թողարկվեց իմ առաջին տեսահոլովակը: Դա նպաստեց, որ լայն շրջանակներում ճանաչում ստանամ: Կարող եմ ասել, որ Ջուսն ունի իր մեծ ներդրումն այդ գործում:
-Այսօր շոու-բիզնեսը կարծես թե ղեկավարվում է փողատերերի կողմից, ոչ պրոֆեսիոնալները ողողել են դաշտը, ինչպե՞ս եք կարողանում գոյատեւել այս պայմաններում:
-Այսօր ոլորտում ամեն բան խառնվել է մարդկանց ինքնագործունեության պատճառով: Երաժշտական հաղորդումների խմբագիր կարող է աշխատել երաժշտությունից կիլոմետրերով հեռու մեկը: Նա, ով շատ փող ունի, կարող է հեռուստաընկերություն հիմնել, հնչեցնել իր ճաշակին համապատասխան երաժշտություն, կամ հեռարձակել այն, ինչի դիմաց վճարվում է: Ստեղծված իրավիճակի միակ մեղավորները ոլորտից անտեղյակ մարդիկ են, որոնք ոլորտը ղեկավարում են այնպես, ինչպես իրենք են հարմար գտնում: Ես, օրինակ, տեսահոլովակներս ցուցադրելու համար հեռուստաընկերություններին երբեւէ չեմ վճարել: Թող վճարեն այն մարդիկ, ովքեր ակնկալում են ստանալ առաջարկներ հարսանիքներից, կնունքներից եւ այլ նմանատիպ միջոցառումներից:
-Հաճախ սոցցանցերում գրում եք ստատուսներ, որոնց միջոցով ծաղրի եք ենթարկում շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների. նրանց մեջ Ձեզ ի՞նչն է ամենաշատը նյարդայնացնում:
-Մեկ բառով ասած՝ «շոպլիկությունը». այն երեւույթը, որ իրար հետեւից ինչ ասես խոսում են, իսկ առջեւից ջերմ ժպտում եւ համբուրվում են:
-Գիտենք, որ Ձեր հայրը ղարաբաղյան պատերազմի մասնակից է, Դուք, թեեւ այդ թեման չեք շահարկում, բայց եւ հաճախ հանդես եք գալիս հայրենիքի հանդեպ սրտացավություն արտահայտող գրառումներով: Մեր երկրի ներքաղաքական կյանքին, առհասարակ, հետեւո՞ւմ եք, ի՞նչ մտահոգիչ խնդիրներ եք տեսնում:
-Իսկապես, այդ հանգամանքը երբեք չեմ շահարկում եւ լոզունգ չեմ դարձնում, անգամ զարմացա, որ տեղյակ եք այդ մասին: Իհարկե, անտարբեր չեմ մեր երկրի նկատմամբ, շատ մտահոգիչ խնդիրներ կան, դրանք անթիվ են… Ասեմ, որ ինչպես շոու-բիզնեսում, այնպես էլ քաղաքականության ոլորտում ամեն բան բարձիթողի վիճակում է: Տիրում է որոշ մարդկանց կամայականություններին համարժեք իրավիճակ, ամեն ինչ արվում է ինքնանպատակ, կարեւորը իրենց համար լավ լինի:
-Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եք, որ հազվադեպ եք սիրահարվում, իսկ ինչպիսի՞ն է սիրահարված Գուժը, ո՞ր տեսակի կանանց չեք հանդուրժի Ձեր կողքին:
-Հազվադեպ եմ սիրահարվում, դա ճիշտ է, իսկ երբ սիրում եմ, նվիրվում եմ անմնացորդ, այն աստիճան, որ սիրելիի թերություններն առավելություններ են թվում: Իսկ կողքիս չեմ հանդուրժի եսասեր աղջկա. երբ աղջիկն էգոիստ է, դա ահավոր է… Կուզենամ, որ իմ երկրորդ կեսը նույնքան հոգատար լինի իմ նկատմամբ, որքան ես՝ իր:
ԻԳԻԹՅԱՆՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ ԴԱՐՁՆՈՒՄ Է ԱՐՀԵՍՏԱՆՈՑ
«Արվեստը՝ արվեստագետին, արհեստը՝ արհեստավորին», «Ամեն ինչ՝ հանուն արվեստի դպրոցի». նման գրառումներով պաստառներ կարելի էր տեսնել նոյեմբերի 12-ին «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ «Կերպարվեստ» ստորաբաժանման սաների, նրանց ծնողների եւ այլ մշակութասեր անձանց մասնակցությամբ բողոքի ակցիայի շրջանակներում:
Բանն այն է, որ օրերս կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Իգիթյանն առանց որեւէ հիմնավորման աշխատանքից հեռացրել է նույն ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանին, ով խոչընդոտում է արվեստի կենտրոնը փայտի մշակման արհեստանոցի վերածելու գործին: Ի դեպ, Իգիթյանը վերջերս կահույքագործական հաստոցներ է տեղադրել արվեստի դպրոցի կերպարվեստի սրահում:
«Մենք արհեստանոցը չենք զիջելու փայտե արտադրամասին: Արդեն դիմել ենք հանրային խորհրդին, կրթության եւ գիտության նախարարությանը եւ սպասում ենք պատասխանի, եթե այն լինի բացասական, դիմելու ենք դատարան»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց Հրաչ Համբարձումյանը:
«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ Լեւոն Իգիթյանի միակ արժանիքն այն է, որ նա Հենրիկ Իգիթյանի եղբայրն է. «Ինձ մոտ լուրջ հարց է ծագում՝ գուցե Լեւոն Իգիթյա՞նն իր տեղում չէ, մի մարդ, որը գործ ունի երեխաների հետ եւ շարունակ ստում է»,-նշեց նա:
Ակցիայի ընթացքում կենտրոնի աշխատակից, ուսումնական մասի ղեկավար Էմմա Ասատրյանը եկավ արվեստանոց՝ գույքագրում կատարելու համար՝ չբացառելով, որ դրա հեռահար նպատակն արվեստանոցի տեղափոխությունն է Սարյան 29 հասցե:
Ակցիայի մասնակիցները վեճի բռնվեցին աշխատակցուհու հետ՝ պնդելով, որ արդեն 30 տարի գործող արվեստանոցը չպետք է փակվի եւ փոխարինվի ավելի փոքր տարածքով: Հրաչ Համբարձումյանը մատնանշեց ոսկերչության արվեսանոցը, որը տեւական ժամանակ է՝ չի գործում, եւ նշեց, որ չի ուզում՝ այս արվեստանոցն էլ նույն ճակատագրին արժանանա:
«Ինձ Լեւոնն Իգիթյանն ասաց, որ այստեղ արտադրվելու է սեղան ու աթոռ, եւ իրենք հարստանալու իրավունք ունեն»,-նշեց մանկավարժը:
Ի դեպ, Էմմա Ասատրյանն ամեն գնով փորձում էր լռեցնել նախկին սաների ու պարզապես քաղաքացիների բողոքները՝ պատճառաբանելով, որ նրանք այդ թեմայով խոսելու իրավունք չունեն. «Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ինչ անենք»,-շարունակ կրկնում էր աշխատակցուհին:
Ի նշան բողոքի՝ արվեստանոցի սաները վերջում այրեցին իրենց նկարները՝ Լեւոն Իգիթյանի նկարներով կրակին դրված տարաներից վառելանյութ լցնելով: Նշենք նաեւ, որ Լ. Իգիթյանի հետ որեւէ կերպ չենք կարողանում կապ հաստատել:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԳԱԼԿԻՆՆ ԱՍՄՈՒՆՔԵԼ Է ՀԱՅԵՐԵՆ
Նոյեմբերի 11-ին ռուս հայտնի ծաղրերգու Մաքսիմ Գալկինը համերգային երեկո է ունեցել Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Գալկինը հայ հանրությանը գրավել է իր յուրահատուկ համարներով, որոնք հարուստ են եղել նաեւ հայտնի աստղերի, քաղաքական գործիչների նմանակումներով, նմանակել է անգամ կնոջը՝ Ալլա Պուգաչովային՝ կատարելով վերջինիս երգերից: Նա անակնկալի է բերել հայ հանրությանը՝ համերգի ընթացքում ասմունքելով Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին» եւ կատարելով «Երեւանի սիրուն աղջիկ» երգը: Գալկինը երգը նվիրել է բոլոր երեւանցի աղջիկներին:
«Հայաստանն ունի ջերմ եւ հիշվող հանդիսատես: Երեւանն այն քաղաքներից է, որտեղ ամեն ինչ համեղ է: Հիմա Ռուսաստանում սանկցիաներ են, ես ինձ հետ որոշ բաներ եմ տանելու, որպեսզի ինքնաթիռում ուտեմ, հուսով եմ՝ թույլ կտան»,-կատակել է Գալկինը:
Նշենք, որ միջոցառումն իր ներկայությամբ պատվել է նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
ՌՈՏԱՐՈՒԻՆ ՓՐԿԵԼ ԵՆ
Հայտնի երգչուհի Սոֆիա Ռոտարուն Սիբիրում թունավորվել է եւ մեծ դժվարությամբ է կարողացել անցկացնել Կրասնոյարսկի իր մենահամերգը: Նա չի կարողացել ինքնուրույն բեմ բարձրանալ, իսկ բժիշկները հսկել են երգչուհու ելույթը: Պարզվել է՝ 67-ամյա աստղը թունավորվել է հյուրանոցներից մեկի ռեստորանում՝ ճաշակելով արջի մսից պատրաստված կոտլետներ: Նրա մենեջերն անմիջապես շտապօգնություն է կանչել, իսկ բժիշկները Ռոտարուին գրեթե անգիտակից վիճակում տեղափոխել են Բրատսկ: Այնտեղ նրա ինքնազգացողությունն ավելի է վատացել: Բժիշկները ստիպված են եղել կաթիլային սարքեր միացնել եւ դեղահաբեր նշանակել:
ԷՆԹՈՆԻՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Սիրված երգիչ Մարկ Էնթոնին ամուսնացել է մոդել Շանոն դը Լիմայի հետ: Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Դոմինիկյան Հանրապետությունում:
Նշենք, որ աստղային զույգը հանդիպում էր 2012-ից եւ ավելի վաղ նշել էր, որ ժամանակն է օրինականացնել հարաբերությունները: Երգչուհի Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսինը դեռեւս գարնանն ամուսնության առաջարկություն էր արել մոդելին: Հիշեցնենք, որ Էնթոնին եւ Լոպեսն ամուսնացել էին 2004-ին, պաշտոնապես ամուսնալուծվել էին նախորդ տարվա ամռանը: Նրանք ունեն երկու երեխա: