Փակ շուկայի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում են, որ համատեղ իրավական ակտով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը (հանձնաժողովի նախագահ՝ “Հայաստանի Ճարտարապետների միություն” հասարակական կազմակերպության նախագահ Մկրտիչ Մինասյան) հունիսի 11-ին ավարտել է իր աշխատանքները: ՀՀ մշակույթի նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ, համաձայն հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների, 2012թ. մայիս ամսվա ընթացքում հաստատված նախագծից դուրս “Փակ շուկայում” կատարվել են աշխատանքներ՝ ընդլայնելով թույլ տրված հողային աշխատանքների սահմանը՝ ընդհուպ մինչև հիմքերի եզրագիծը, բացի այդ քանդվել են որոշ միջհարկային ծածկեր, որոշակի խախտելով շինության կայունությունը: 2012 թ. մայիսի 27-ին տեղի է ունեցել հիմնական կամարների և դրանց կապող կոնստրուկտիվ համակարգի փլուզում մինչև սեյսմիկ կարը: Չնայած որ աշխատանքները դադարեցված են` ներսում տարվող շինաղբի մաքրման աշխատաները բերել են վիճակի վատթարացման: Ելնելով վերը շարադրվածից` հանձնաժողովը առաջարկել է`
1. Հուշարձանի պահպանված մասի կայունությունը ապահովելու նպատակով եռօրյա ժամկետում`
. լրամշակել ստորգետնյա ավտոկայանատեղի հիմքերը, պարփակող և կրող համակարգը, անցկացնել փորձաքննություն.
. կանգուն մնացած հատվածի թաղածածկույթի սեյսմիկ կարին հարող երկու թռիչքների ներքո անհապաղ իրականացնել մոնտաժային փայտամած հենարանների համակարգ, այդ հատվածի բեռնաթափման նպատակով:
2. Երևանի թիվ 1 շուկա ՍՊԸ-ին սեղմ ժամկետում ՀՀ մշակույթի նախարարության քննարկմանը ներկայացնել հուշարձանի վերականգնման, վերակառուցման նոր էսքիզային նախագիծը` պահպանելով հուշարձանի արտաքին և ներքին հորինվածքի գեղարվեստական ճարտարապետական և ծավալատարածական լուծումները:
Կատարել մանրամասն երկրաբանական, հիդրոերկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրություններ, այդ թվում տարածքում առկա ջրային հոսքի պատճառները պարզելու նպատակով:
3. ՀՀ մշակույթի նախարարության կողմից համաձայնեցված էսքիզային նախագիծը ներկայացնել Երևանի քաղաքապետարան` քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական և ինժեներական հանձնաժողովների քննարկմանը:
4. ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված էսքիզային նախագծի հիման վրա սահմանված կարգով մշակել աշխատանքային նախագծի փաթեթը, առաջնահերթությունը տալով կառույցի պահպանված մասի կոնստրուկտիվ համակարգի կայունության և հուսալիության ապահովման աշխատանքներին:
Այս գործընթացի յուրաքանչյուր փուլի վերաբերյալ հանրությանը կտրամադրվի ընթացիկ տեղեկատվություն:




Լրահոս