Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում հարցազրույց է տվել Մերձավոր Արևելքում BBC-ի լրագրող Ջերեմի Բոուենուն:
Ինչպես պնդում է Ասադը, նրա կառավարությունը «հաղորդագրություններ է ստացել» ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջազգային կոալիցիայի ներկայացուցիչներից:
Սիրիայի նախագահի խոսքերով՝ կոալիցիայի հետ անմիջական համագործակցությունը դադարել է անցած տարվա սեպտեմբեր ամսին՝ Սիրիային ավիահարվածներ հասցնելուց հետո:
Ասադը պարզաբանել է, որ «ռազմավարական բնույթ չկրող ընդհանուր տեղեկատվությունը» Դամասկոսին է հասնում «երրորդ պետությունների» միջոցով, որոնց թվում է նաև Իրաքը:
Բաշար Ասադը բացառել է ընդդեմ «Իսլամական պետության» միջազգային կոալիցիային Սիրիայի անմիջական մասնակցությունը: Մինույն ժամանակ, նա ընդգծել է, որ դեմ չէ «Իսլամական պետության» դեմ պայքարելու հարցում այլ պետությունների հետ համագործակցությանը, սակայն դեմ է ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ Սիրիայի ղեկավարության անմիջական բանակցություններին: