Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազատություն” ռադիոկայանի տեղեկություններով` անցած տարվանից անազատության մեջ գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրել նախագահ Սերժ Սարգսյանին։
Հիշեցնենք, այս տարվա մայիսին Օհանյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափի բենզին յուրացնելու համար։
Այն, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետը ներման խնդրագիր է գրել, մեզ հետ զրույցում չբացառեց նաեւ Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը՝ նշելով, որ դրա իրավունքը Օհանյանը ուներ։
“Այո, չեմ բացառում, որ կարող է գրած լիներ, քանի որ դեռ չեմ այցելել նրան։ Ես ուղղակի մի քանի շաբաթ չեմ տեսել Մարգար Օհանյանին։ Միգուցե ներման խնդրագիր գրել է, քանի որ դա իր բացարձակ իրավունքն է։ Կարող է դատապարտյալը ներման խնդրագիր գրի առանց իր փաստաբանի կամ որեւէ իրավաբանի օգնության”, – նշեց փաստաբանը։
Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք նախագահին ներման խնդրագիր գրելը նշանակում է, որ Մարգար Օհանյանը ընդունում է իր մեղքը, որ Ճանապարհային ոստիկանության պետ աշխատելու տարիներին խոշոր չափի բենզին է յուրացրել, փաստաբան Մկրտիչ Վասակյանն ասաց, որ արդեն իսկ առաջին ատյանի դատարանի որոշումը չբողոքարկելը ցույց է տալիս, որ մարդն իր մեղքը ընդունում է։
Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր Մարգար Օհանյանը ողջ դատավարության ընթացքում պնդում, որ ինքը որեւէ կապ չունի բենզինի յուրացման գործի հետ, ավելին՝ նա պնդում էր, որ այդ գործը իր դեմ սարքվել է այն ժամանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ, փաստաբանն ասաց, թե դատարանում հնչեցված իր վերջին խոսքում Մարգար Օհանյանն ամեն ինչ ասել է եւ ինքը ավելացնելու բան չունի։
Հիշեցնենք՝ իր վերջին խոսքում Օհանյանն ասել էր, որ որպես պետական մտածողության տեր մարդ ընդունում է իր մեղավորությունը պետության առջեւ։
Պատասխանելով մեր այն հարցին, թե որքանով է հավանական, որ երկրի նախագահին ուղղված խնդրագրից հետո Մարգար Օհանյանին ներում կշնորհվի, փաստաբանն ասաց, թե Օհանյանը դրական բնութագիր ունեցող անձնավորություն է։ Նա 30 տարի ծառայել է Ոստիկանության համակարգում, եղել է ոստիկանության գնդապետ։ Եվ հետո՝ նա ամբողջությամբ վերականգնել է խոշոր չափի յուրացման հետեւանքով պետությանը պատճառված վնասը, որն, ի դեպ, կազմում էր մոտ կես միլիոն դոլար։
“Այնպես որ, իմ կարծիքով, չկա որեւէ պատճառ, որ ներման խնդրագիրը չբավարարվի”, – “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում ասաց փաստաբանը։




Լրահոս