«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԵՍՆ ԱՆԳԱՄ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը լրանալու է Մարտի 1-ի ողբերգության 7-րդ տարելիցը: Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, որն արդեն մի քանի տարի է, հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից, ապրում է Եվրոպայում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ մտադրություն է ունեցել վերադառնալ Հայաստան` հույսեր կապելով ընդդիմության պայքարի, փետրվարի 20-ին հրավիրած եռյակի հանրահավաքի հետ, սակայն դրա չեղարկման պատճառով հասկացել է, որ Հայաստանում իրավիճակը չի փոխվել:

-Տիկի՛ն Ալլա, 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի դեպքերից 7 տարի է անցել, սակայն մինչ այսօր ՀՀ իշխանությունները չեն բացահայտել, թե ովքե՞ր են կատարվածի մեղավորները: Ըստ Ձեզ՝ մինչեւ ե՞րբ է այս իրավիճակը շարունակվելու, ե՞րբ կբացահայտվեն 10 անմեղ զոհերի վրա կրակողների եւ կրակելու հրահանգ տվողների անունները:
-Կոնկրետ ինձ համար Մարտի 1-ի դեպքերը բացահայտված են, եթե դեռեւս սկզբում կային մարդիկ, ուժեր, որ մեզ համոզում էին, թե Ռոբերտ Քոչարյանն է Մարտի 1-ի առաջին ու գլխավոր պատասխանատուն, ապա ես այսօր համոզված եմ՝ գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: 7 տարի շարունակ, նա զավթելով աթոռը, թույլ չի տալիս, որ բացահայտվի Մարտի 1-ը: Վաղուց Մարտի 1-ը բացահայտված է, ուղղակի արդարադատությունը, դատական գործընթացները կլինեն միայն այն դեպքում, երբ որ իշխանափոխություն լինի: Դա է պատճառը, որ մենք այսօր որեւէ բան չունենք, իշխանությունը բռնազավթված է այն մարդու կողմից, ով Մարտի 1-ի գլխավոր պատասխանատուն է:
-Նշեցիք, որ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում բացահայտել Մարտի 1-ի մեղավորներին, քանի որ հանցագործը հենց իրենք են, բայց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանձնարարել է կրկին ուսումնասիրել գործը: Եթե իշխանությունը չի ցանկանում բացահայտել կատարվածը, այդ դեպքում գործին կրկին ընթացք տալու նպատակը ո՞րն է:
-Ես տեղակացա, որ ՄԱԿ-ից ՀՀ իշխանություններին այդ հարցի հետ կապված նամակ է ուղարկվել, որտեղ հարցադրված է, թե ինչու չեն բացահայտվում Մարտի 1-ի սպանությունները, ուստի դա բեմականացում է` միջազգային ատյաններին ցույց տալու համար: Գեւորգ Կոստանյանը շատ հեշտությամբ կարող է բացահայտել, բայց նրան որեւէ մեկը թույլ չի տա: Միգուցե ինքը որեւէ առնչություն չունի Մարտի 1-ի հետ ու կուզենար բացահայտել, բայց նրան որեւէ մեկը դա թույլ չի տա: Դա ուղղակի շոու է, որը կազմակերպել են միջազգային կազմակերպությունների համար:
-Մարտի 1-ի զոհերի հարազատներն ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մեղադրել են այն բանի մեջ, որ իբրեւ թե պատգամավորը մոռացել է Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման գործընթացին հետամուտ լինելու խոստումն ու ԱԺ ամբիոնից դրա մասին չի բարձրաձայնում: Դուք կիսո՞ւմ եք նրանց տեսակետը, արդյո՞ք պատգամավորն այդ հարցում «ակտիվ» չէ, ու, ընդանրապես, ըստ Ձեզ՝ ՀԱԿ-ը հետամո՞ւտ է այդ գործի բացահայտմանը:
-Գիտեք ինչ, ես չեմ ցանկանում այն մարդկանց, ում հետ ճանապարհ ենք անցել, մեղադրել, այդ մարդկանց հասցեին ինչ-որ խոսքեր ասել: Միայն ես մի բան կասեմ, որ ինքս զգացել եմ. առաջին տարիներին շատ ավելի հետամուտ էին Մարտի 1-ի դեպքերին, հիշում էին զոհվածների ծննդյան օրերը: Հիմա կարծես թե պասիվացել են, բայց ես չգիտեմ՝ պատճառը ո՞րն է: Ես նաեւ կարծում եմ, որ զոհվածի մայրը չպետք է ինչ-որ մի ուժի պաշտպանի, հնարավոր չէ, որ որեւէ մայր իր սրտի խոսքը ճիշտ չասի, կողմնակալ լինի: Ես ասում եմ այն, ինչ զգացել եմ, հունվարի 31-ին իմ տղայի 30-ամյակն էր, բայց… Ես ներքուստ զգացել եմ, որ այն ժամանակ ուրիշ է եղել: Այլ բան ես չեմ ուզում ասել, ժամանակը ցույց կտա: Այսօր ինձ համար մի բան հստակ է. ով որ ռեալ իշխանափոխության պահանջ է դնում, իմ համար ինքն այսօր իրական ընդդիմություն է, որովհետեւ ինձ համար իշխանափոխությունը նախ իմ երեխայի սպանության բացահայտման խնդիրն է: Ես արդեն նշեցի, որ մինչեւ իշխանափոխություն չլինի, սպանությունները չեն բացահայտվելու, ես այդպես եմ դիտարկում:
-Իսկ հնարավո՞ր է՝ Դուք այդ պահանջով վերադառնաք Հայաստան…
-Ես Հայաստան վերադառնալու շատ մեծ ցանկություն ունեմ, շատ-շատ մեծ, ես Հայաստանով եմ ապրում, ուզում եմ Հայաստանում լինել ու մասնակցել այդ գործընթացներին, բայց քանի Սերժ Սարգսյանի նմանը զավթել է աթոռը, ես ինձ լավ եմ զգում, որ իր դեմքը չեմ տեսնում հեռուստացույցը միացնելիս: Եթե իրական պայքար սկսվի, իրական շունչը պայքարի: Ա՛յ, երբ ԲՀԿ-ն դուրս էր եկել, ու մտածում էի, որ կարող են հանրահավաքներ սկսվել, այստեղ ես ծրագրում էի, թե ում կարող եմ դիմել, որ վերադառնամ: Բայց քանի դեռ ես տեսնում եմ, որ ընդդիմությունը բաժանված է, այդ իշխանությունների երեսը տեսնել չեմ ուզում: Ինքը Ցեղասպանության հարցն է բարձրացնում այն դեպքում, երբ որ ինքն իր երկրում ցեղասպանություն է իրականացրել ժողովրդի հանդեպ: Այս պահին ինքը Ռ. Քոչարյանից վատն է:

 

 

 

 

Է՛Լ ՔԱՉԱԼ ՇՈՒՆ, Է՛Լ ԳՈՂ ՓԻՍՈ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ԴԱՍ ԵՆ ՏԱԼԻՍ

Երեկ՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե ՀՀ իշխանությունները ԱԺ քառօրյայի ընթացքում նոր ռամավարություն էին որդեգրել՝ ոչնչացնել դիմադրության վերջին օջախը: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ «Կառավարման ճգնաժամի» վերաբերյալ արտահերթ քննարկումը իշխանությունները փորձում էին վերածել ընդդիմության ճգնաժամի քննարկման, ինչը, սակայն, նրանց չհաջողվեց:

«Բայց դուք բոլորդ տեսաք, որ քառօրյան վերածվեց ռեժիմի նկատմամբ դատավարության: Իշխանությունները կրեցին լիակատար պարտություն՝ մտածելով, որ Կոնգրեսը միայնակ չի կարողանա դիմագրավել մեծամասնությանը: ԱԺ մեծամասնությունը, տեսնելով, որ պարտվում են այս խաղում, մանկապարտեզի նեղացկոտ երեխաների նման սկսեց փիս-փիս բաներ ասել եւ վիրավորել: Այսպիսի կեցվածք ընդունեց ԱԺ-ն: Եթե միկրոֆոններն իրենց ձեռքն էին, դա չէր նշանակում, որ ես չէի կարող հակահարված տալ: Իմ հակադարձումների ժամանակ տեսաք, թե ինչպիսի կուռկուռի ձագ էր դարձել Գալուստ Սահակյանը: Մենք բազմիցս ասել ենք, որ ԱԺ նիստը վարողները չարաշահում են իրենց լիազորությունները»,-հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Այնուհետեւ ընդդիմադիր պատգամավորը զգուշացրեց. «Գալուստ Սահակյանը, քանի որ չի կարող հիմա իմ միկրոֆոնն անջատել, կստանա իր չափալախը: Նա ասաց, որ ես թոփալ եմ, բայց կարծում եմ՝ ոտքից կաղալը մեծ խնդիր չէ: Խնդիր է մտքով եւ հոգով կաղալը, որը տեղի է ունենում Գալուստ Սահակյանի հետ»: Հիշեցնենք, որ քառօրյայի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, դիմելով Լեւոն Զուրաբյանին, նշել էր, թե վերջինս ոչ միայն ոտքից է կաղում, այլեւ ականջից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը որոշեց չանդրադառնալ Գալուստ Սահակյանի հասցեին Լեւոն Զուրաբյանի արած հայտարարություններին՝ դա հիմնավորելով հետեւյալ կերպ. «Երբ որ չեն կարողանում քաղաքական լեզվով, ինտելեկտուալ ձեւով պատասխան տալ, իջնում են այդ դաշտ: Հանրությունը գիտի Գալուստ Սահակյանի ունակությունը, մենք իրենց մակարդակին իջնելու ցանկություն չունենք»,-նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ, անդրադառնալով ԲՀԿ-ի վարած քաղաքականությանը, նշեց, որ ամեն ինչ պարզ կդառնա ԲՀԿ արտահերթ համագումարից հետո. «Դասեր քաղելով՝ պետք է դուրս գանք այս քաղաքական ծանր վիճակից: Իմ գործընկերներն իրենց ծրագրերը քաղաքական դաշտում կառուցել են «եթե»-ների վրա, իսկ ես հիմնվում եմ փաստերի վրա: Ամբողջական գնահատականը, թե ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ի հետ, կտամ, երբ կունենամ ամբողջական ինֆորմացիա»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ՉԵՆ ԲՈՂՈՔԱՐԿԻ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն չի բողոքարկի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը ընկերությանը 10 միլիոն դրամ տուգանելու մասին: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեցին ՀԷՑ-ից: Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր՝ հունվարի 14-ի նիստում որոշում էր կայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 10 մլն դրամի չափով տուգանել, քանի որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված հատուկ հաշիվներում դրամական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունից պարզվել էր, որ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ՀԷՑ-ի հատուկ հաշիվներում: ՀԷՑ-ի այդ գործելավոճը, ըստ ՀԾԿՀ-ի, ոչ միայն օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում է, այլ նաեւ վտանգում է ողջ համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը:

 

ՎԵՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հայաստանի ագրարային համալսարանի եւ ՕԵԿ-ի միջեւ տեւական ժամանակ ծավալված դատական գործընթացը դեռ շարունակվում է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ԲՈՒՀ-ի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանից: «Շինարարական աշխատանքներն իրենք արդեն ավարտել են: Ամեն դեպքում, մենք ներս չենք կարող մուտք գործել, որպեսզի տեսնենք, թե ինչ է այնտեղ կատարվում: Տեղեկություններ կան, որ ցանկանում են այդ տարածքը դարձնել նիստերի դահլիճ կամ իրենց նոր հեռուստալիքի՝ Հ3-ի համար ստուդիա»,-ասաց պրոռեկտորը: Հիշեցնենք, որ ագրարային համալսարանի ղեկավարությունը դատարանում վիճարկում է Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշումը, որով Աբովյան 43-1 եւ Տերյան 74 հասցեների հատման մասում գտնվող տարածքը երկու սեփականատիրոջ է բաժին հասել: Համալսարանի տնօրինության պնդմամբ՝ վիճահարույց տարածքը, որն իրենց նախկին ավտոսպասարկման կետն էր, նշված է որպես ԲՈՒՀ-ի սեփականություն: Ստացվում է, որ նույն տարածքի նկատմամբ սեփականության իրավունք տրվել է ե՛ւ Հայաստանի պետական ագրարային համալսարանին, ե՛ւ ՕԵԿ-ին, բայց մի թույլտվությունը՝ Կառավարության կողմից, մյուսը` քաղաքապետարանի` ի դեմս նախկին քաղաքապետ, ներկայիս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի: Այս գործով առաջիկա դատական նիստը նշանակված է մարտի 13-ին:

 

ԿՈՄԿՈՒՍԻ ՓՈՂԵՐԸ
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հրապարակել է 2014 թվականի իր գործունեության մասին հաշվետվությունը: Ըստ այդմ, ՀԿԿ-ի կողմից ծախսված դրամական միջոցները կազմել են 1 մլն 534 հազար դրամ: Կուսակցության կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ գույքի վարձակալության գումարը կազմել է 455 հազար դրամ, կոմունալ վճարները՝ 929 հազար դրամ, իսկ այլ ծախսերը՝ 150 հազար դրամ: Տարվա վերջում դրամական միջոցների մնացորդը կազմել է 93 հազար դրամ:




Լրահոս