ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՎ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունում երեկ անցկացված խորհրդակցությունը վերաբերում էր հաշմանդամության կարգի տրամադրման բնագավառում տեղ գտած խայտառակ փաստերին: Ըստ այդմ, տարեկան 65-70 հազար մարդ ենթարկվում է բժշկասոցիալական փորձաքննության, որտեղ նրանցից գումար են պահանջում հաշմանդամության կարգը սահմանելու համար: Հենց դա էլ պատճառ էր դարձել, որ բժշկասոցիալական փորձաքննության ծառայության ղեկավար Միքայել Վանյանին ազատեն աշխատանքից:
Եւ ահա նման մի քրգործ արդեն քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրանքի` Լաուրա Համբարձումյանը, աշխատելով «Արմենիա» բ/կ-ի պոլիկլինիկայում որպես թերապեւտ, հաշմանդամության կարգ ստանալու նպատակով նշված բժշկական հաստատություն դիմած Լեւոն Ավետիսյանի կնոջը` Կարինե Հովհաննիսյանին, այս տարվա մարտի 21-ին հայտնել է, որ Լ. Ավետիսյանին բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով ուղեգրելու հարցը լուծելու համար անհրաժեշտ է պոլիկլինիկայի բժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Մարիետա Նահապետյանին տալ 20 հազ. դրամ: Այսինքն՝ համոզելու եղանակով Կ. Հովհաննիսյանի մոտ առաջացրել է հանցագործություն կատարելու դիտավորություն եւ վճռականություն, վերջինիս դրդել է ամուսնու օգտին գործողություններ կատարելու համար առեւտրային կազմակերպության ծառայող Մ. Նահապետյանին տալ առեւտրային կաշառք: Մ. Նահապետյանն էլ այս տարվա մարտի 21-ին իր աշխատասենյակում Կ. Հովհաննիսյանից ապօրինաբար ստացել է նշյալ 20 հազ.  դրամը: Այս գործընթացին մասնակցություն է ունեցել նաեւ Մաքրուհի Ռոստոմյանը. նա՝ որպես բուժքույր-վիճակագիր, աշխատելով Երեւանի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում, հաշմանդամության կարգ ստանալու նպատակով նշված բժշկասոցիալական հանձնաժողով դիմած Լ. Ավետիսյանի կնոջը` Կ. Հովհաննիսյանին, հայտնել է, որ նրա ամուսնուն հաշմանդամության 2-րդ կարգ սահմանելու հարցը լուծելու համար անհրաժեշտ է նաեւ իրենց հանձնաժողովի նախագահ Դանիել Մանուկյանին տալ 20 հազ. դրամ: Բայց երեւի տիկին Կարինեն չի հասցրել տալ այդ գումարը, քանի որ երեք անձի նկատմամբ էլ ընտրվել է խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին:
Դատական նիստը` հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին:




Լրահոս