ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է շվեյցարացի գործարարների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել գործարարների՝ Հայաստան կատարած այցի առնչությամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, գրանցվել հարաբերությունների աննախադեպ զարգացում:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur .am-ին հայտնում են, որ անդրադառնալով վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների նկատելի աշխուժացմանը՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է հատկապես միջխորհրդարանական համագործակցության դերը: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով Հայաստանի և Շվեյցարիայի խորհրդարաններում բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը, վստահություն է հայտնել, որ վերջիններս, լավագույնս օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, կշարունակեն իրենց նպաստը բերել երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Նշվել է, որ Հայաստան- Շվեյցարիա խորհրդարանական խումբն արդյունավետ գործունեություն է ծավալում նաև առևտրատնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ: Այդուհանդերձ, ըստ Հովիկ Աբրահամյանի, առևտրատնտեսական համագործակցության և քաղաքական հարաբերությունների մակարդակներն անհամապատասխան են, գոյություն ունի մեծ ներուժ, և այս տեսանկյունից ևս կարևորվում է շվեյցարացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան:
Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Շվեյցարիա-ԱՊՀ համատեղ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, Ժնևի կանտոնալ խորհրդարանի պատգամավոր Գի Մեթանը կարևորեց այն սերտ հարաբերությունները, որ առկա են երկու երկրների միջև: Նրա խոսքով՝ այդ կապերի հետագա խորացման, հատկապես տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության հետագա աշխուժացման նպատակ է հետապնդում պատվիրակության այցը Հայաստան: Նա ևս կարևորել է Շվեյցարիայի և Հայաստանի խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը՝ նշելով, որ դրանում աստիճանաբար ավելի մեծ տեղ է տրվում տնտեսական բաղադրիչին: Գի Մեթանը նշեց, որ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության բացմամբ երկկողմ հարաբերություններում սկսվել է նոր փուլ. այն բնորոշվում է հատկապես տնտեսական ու մշակութային կապերի հաստատմամբ և ամրապնդմամբ:
Երկու երկրների միջև բարեկամության և փոխադարձ վստահության հաստատման գործում երկուստեք ընդգծվել է Շվեյցարիայի հայ համայնքի դերակատարությունը: Գոհունակությամբ նշվեց, որ պատվիրակության մաս են կազմում ինչպես Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի հայազգի անդամ Լյուկ Բարթասան, այնպես էլ շվեցարահայ համայնքի գործարար ներկայացուցիչներ:
Լյուկ Բարթասան նշել է, որ իրենք տպավորված են Հայաստան կատարած այցից, ունեցած արդյունավետ հանդիպումներից, որոնցից ակնկալում են գործնական արդյունքներ: Նա տեղեկացրեց, որ այս անգամ առիթը բաց չեն թողնելու այցելելու նաև Լեռնային Ղարաբաղ:
Այս կապակցությամբ ԱԺ նախագահը ողջունել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի՝ վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունը, ինչը լավ հնարավորություն էր տեղում իրավիճակին ծանոթանալու և օբյեկտիվ դիրքորոշում ձևավորելու համար:
Երկկողմ հարաբերությունների առնչությամբ իրենց մոտեցումներն են ներկայացրել նաև պատվիրակության և հանդիպմանը ներկա Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամները: