Դեռեւս հոկտեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը, որին վերջերս որպես վկա հարցաքննել են Ազգային գրադարանի վերանորոգման ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում, դժգոհել է իր կուսակցության առաջնորդից: Տեղեկացրել էինք նաեւ, որ Վարդանյանն իր շրջապատում ասել է, թե երկար ժամանակ է` չի տեսել Գագիկ Ծառուկյանին, իսկ վերջինս էլ չի փորձում իր հետ կապ հաստատել: Վարդանյանը մեր հրապարակումից հետո շտապել էր հայտարարել, թե իրականում նման բան չկա: Սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Վարդանյանը ստիպված է եղել դա անել: Այս ամենի հետ կապված` զրուցեցինք Վարդան Վարդանյանի հետ:
-Պարո՛ն Վարդանյան, մեր տեղեկություններով՝ Ազգային գրադարանի գործի հետ կապված Ձեր հարցաքննությունից հետո Դուք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ չեք հանդիպել, ինչի պատճառով էլ Ձեր շրջապատում դժգոհել եք:
-Ձեր աղբյուրները ճիշտ չեն աշխատում եւ շատ սխալ ինֆորմացիա են տալիս:
-Բայց մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել, ըստ որոնց՝ Դուք իսկապես դժգոհել եք Ձեր մտերիմների մոտ, ուղղակի մեր հրապարակումից հետո Գ. Ծառուկյանը Ձեզ իր մոտ է հրավիրել եւ զգուշացրել, որ սխալ բաներ եք խոսել, այդ իսկ պատճառով էլ հերքել եք:
-Ուրեմն նման խնդիր չկա, ես խնդրում եմ՝ ինձ այդ հարցերով այլեւս չզանգեք, ուղղակի ճիշտ չէ մամուլով նման հաղորդագրություններ տպագրելը: Ես չգիտեմ՝ դա ձեր երեւակայության արդյունքն է, թե իսկապես դա ձեզ ասում են, իսկ եթե ասում են, ուրեմն շատ սխալ են ասում: Սա հեղինակության հարց է, նման բան չկա եւ չի կարող լինել: Ես դա ձեզ միանշանակ եմ ասում, ես ձեզ մարդկայնորեն ասում եմ, որ դրանք սխալ տեղեկություններ են:
-Այսինքն՝ մեր հրապարակումից հետո Ծառուկյանը Ձեզ չի՞ զանգահարել եւ հրավիրել իր մոտ:
-Ի՞նչ եք գտել դրանից, որ Ծառուկյանը չգիտեմ սենց, նենց… չգիտեմ, ես ասում եմ, որ նման բան չկա, դուք մոռանում եք, որ բացի կուսակցական լինելուց, մենք նաեւ շատ լավ ընկերներ ենք, բարեկամներ ենք, շատ մոտ հարաբերությունների մեջ ենք իրար հետ: Չի կարելի նման բաներ գրել: Անկեղծորեն, մարդկայնորեն ասում եմ, որ դրանք ճիշտ տեղեկություններ չեն:
-Հիմա Ազգային գրադարանի գործի հետ կապված Ձեր հարցաքննությունից հետո Դուք հանդիպում ունեցե՞լ եք ԲՀԿ առաջնորդի հետ:
-Իհարկե, ունեցել ենք, մենք միշտ էլ հանդիպում ենք, միշտ էլ խոսում ենք, միշտ էլ քննարկում ենք, մենք նման խնդիր չունենք, ու չի էլ կարող լինել: Մենք ամեն օր էլ հանդիպում ենք, պարբերաբար ենք հանդիպում: Տարին կամ ամիսը մեկ անգամ հանդիպում չի լինում, որ ես հիշեմ ու ասեմ, որ դա էս հանդիպումն է եղել:
-Բայց կոնկրետ նշված հարցաքննությունից հետո Ծառուկյանը հանդիպե՞լ է Ձեզ հետ ու այդ գործի հետ կապված՝ զրուցե՞լ եք միասին:
-Իհարկե, ունեցել եմ, բոլորն էլ տեղյակ են եղել, որ ինձ կանչել են հարցաքննության, ոչ միայն Ծառուկյանն է տեղյակ եղել, այլ բոլորը՝ հանրությունն էլ տեղյակ է եղել դրա մասին: Ձեր տեղեկությունները սխալ են, որ ես եւ պարոն Ծառուկյանը հանդիպում չենք ունեցել, ովքեր որ նման բաներ են տարածում, ուրեմն լավ մարդիկ չեն:
-Իսկ նշված գործի հետ կապված՝ Ձեզ էլի՞ են կանչելու հարցաքննության, թե՞ Ձեր մասով հարցաքննությունն արդեն ավարտվել է:
-Չգիտեմ, ինձ այնպիսի հարցե՛ր տվեք, որ ես կարողանամ, իմ կոմպետենտության մեջ լինի, պատասխանեմ: Ես չեմ կարող ասել, համենայնդեպս, այնտեղ բան չեմ տեսնում ինձ կրկին կանչելու համար: Իսկ թե ընթացքում ինչ կլինի, չեմ կարող ասել:
-Իսկ բացառո՞ւմ եք, որ Ձեր նկատմամբ մեղադրանք առաջադրվի:
-Չգիտեմ, ինձ մեղադրանք չեն առաջադրում: Բերե՛ք այսքանով խոսակցությունը փակենք: Վերջ:
Հ.Գ. Ի դեպ, Վարդան Վարդանյանը մեր հարցերին պատասխանում էր շատ վրդովված տոնով եւ ամեն ինչ հերքում էր: Իսկ մեր մյուս հարցերին հրաժարվեց պատասխանել:
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՆԱԽԱՏԵԼ Է ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ