Նաղդալյանը մտածում է՝ գնա՞լ Բաղրամյան պողոտա և Աշոտյանի օրն ընկնել, թե՝ ոչ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում ԵԽԽՎ-ից վերադարձած պատվիրակության անդամները ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ Հերմինե Նաղդալյանին լրագրողները մի քանի հարցեր ուղղեցին` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ Բաղրամյան պողոտայում կատարված միջադեպի մասին:

Քանի որ Նաղդալյանի խոսքերը տարընկալման առիթ էին դարձել, ուստի Armlur.am-ը անհրաժեշտ է համարում ներկայացնել ասուլիսի` Աշոտյանին վերաբերվող խոսքի տեսագրությունը ու ԱԺ փոխխոսնակի խոսքերի սղագրությունը:

Ցուցարարների գրոհելու իրիկունը կենդանի պատի տեսքով Բաղրամյանում հայտնվեցին Արմեն Աշոտյանը և Սամվել Ֆարմանյանը: Դուք հավանաբար տեղյակ եք` ցուցարարները ինչ վերաբերմունքի արժանացրին Ձեր կուսակցության փոխնախագահին և անդամին: Ինչպես եք Դուք դա գնահատում: Հարցի էությունը հետևյալն է` չպե՞տք է Արմեն Աշոտյանը և իր կուսակցական գործընկերը թողնեն ասպարեզը, որովհետև ժողովուրդը ակնհայտորեն ցույց տվեց իր վերաբերմունքը ոչ միայն նրանց նկատմամբ, այլև Հանրապետական կուսակցության: Եվ երկրորդ հարցս` Դուք ինչպես եք գնահատում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վարքը պատգամավորների հանդեպ, որոնց վրա բառիս բուն իմաստով մուննաթ էր գալիս, հոխորտում էր: Կառավարության ձեր ենթական ձեր վրա հոխորտում էր:

-Ճիշտն ասած այս մամուլի ասուլիսի շրջանակներում Ձեր հարցն այնքան էլ տեղին չեմ համարում, որովհետև թեման բացարձակապես այլ է: Նաև դժվարանալու եմ պատասախանել Ձեր որոշ հարցադրումներին, որովհետև, ինչպես գիտեք, այստեղ չեմ եղել, չեմ տիրապետում բոլոր մանրամասներին: Ինչ վերաբերվում է իմ գործընկերների այցին, ապա պիտի ասեմ` համարում եմ, որ սա նրանց կողմից բավական համարձակ քայլ էր: Քաղաքական գործիչը պիտի ժողովրդի կողքին լինի, պետք է կարողանա ժողովրդի կողքին լինել և պիտի կարողանա հասկանալ` ինչ են ուզում մասսաները: Պարոն Աշոտյանի և մյուս գործընկերոջ քայլը դրանով եմ բացատրում և համարում եմ, որ դա մոտեցում էր, որը իրավունք ունի տեղի ունենալ: Մնացածի վերաբերյալ չեմ կարծում` պիտի գնահատականներ տամ, մանավանդ քաջատեղյակ չեմ: Բայց պատգամավորները կարող են դրա պատասխանը տալ:

Չե՞ք պատրաստվում կրկնել Աշոտյանի սխրանքը:

-Եթե պատրաստվեմ, Դուք տեղյակ կլինեք:

Այնուհետև Հերմինե Նաղդալյանը խոսում է, որ տեղին էր հունիսի 23-ի դեպքերի հետ կապված ծառայողական քննություն իրականացնելը, որին ի պատասխան լրագրողը կրկին հարցադրում է անում.

Դուք հենց նոր նշեցինք, որ հունիսի 23-ի դեպքերի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել, բայց տեղյակ չեք, թե ինչ է տեղի ունեցել Աշոտյանի հետ: Ինչո՞վ եք բացատրում այս հակասությունը:

-Ես չասեցի, որ տեղյակ չեմ` ինչ է կատարվել Աշոտյանի հետ, հակառակը` ասեցի պատգամավորների զրույցի մասին տեղյակ չեմ, որովհետև դա մամուլում շատ չի արծարծվել: Բայց այն, ինչ արծածվել է մամուլում, թեև մենք շատ ծանրաբեռնված էինք, այնուամենայնիվ, այն ինչ արծարծվել է մամուլում, ես դրան ծանոթ եմ:

Ձեր մեկնաբանությունը` ճիշտ են արել, լավ են արել, պետք էր, պետք չէր, ժողովուրդը ճիշտ էր, ճիշտ չէր:

-Ինչին ժողովուրդը ճիշտ էր:

Աշոտյանի հանդեպ վերաբերմունքը:

-Ժողովուրդը միշտ ճիշտ է: (ասում է Հերմինե Նաղդալյանը՝ գրեթե չլսելով հարցը և ծիծաղում):

Քրիստինա Աղալարյան




Լրահոս