Շախմատիստ Սերժ Սարգսյանին հաջողվեց կուսակցությունների ներսում «կռիվ գցել». աշունն իսկապես թեժ է սկսվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատիստ Սերժ Սարգսյանին, ի վերջո, հաջողվեց Հայաստանյան կուսակցությունների ներսում «կռիվ գցել»՝ թեժ աշնան խոստումներով հասարակության կերակրող ընդդիմադիրների համար «նոր զբաղմունք» ապահովելով: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծով Սերժ Սարգսյանը ոչ միայն քաղաքական նոր օրակարգ սահմանեց, այլեւ կուսակցությունների ներսում ինքնամաքրման նոր փուլ սկսեց:

Ամենադաժան իրավիճակն, իհարկե, ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությունում է: Առանց այդ էլ պառակտված  խմբակցությունը (Նիկոլ Փաշինյանն առանձին կուսակցության է անդամագրվել՝ մերժելով ՀԱԿ-ին, Ստեփան Դեմիրճյանն իր կուսակցությունն ունի, Հրանտ Բագրատյանը՝ իր, նրանք ԱԺ-ում, ըստ էության, գործում են միանձնյա) կանգնած է փլուզման եզրին:

ՀԱԿ-ի «գծից շեղվել է» նաեւ ՎՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը: Եւ փոքր այդ խմբակցությունում, ըստ էության, 3 անդամ են մնացել՝ Գագիկ Ջհանգիրյանը, որն առանձնապես ակտիվ չէ, ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Լյուդմիլա Սարգսյանից պահանջում են վայր դնել պատգամավորական մանդատը այն բանի համար, որ նա ՀՀ նախագահի նստավայր է գնացել՝ Սերժ Սարգսյանի հետ քննարկելու սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Հնարավոր ու անհնար բոլոր տարբերակներով փորձ է արվում ճնշում գործադրել պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի վրա:

Բարդ է իրավիճակը նաեւ դաշնակցության ներսում: Այստեղ Կառավարությանը ապագայում մաս կազմելու թեմայի շուրջ ծանր խոսակցություն է եղել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ դաշնակցության ղեկավարության միջեւ, ինչի հետեւանքով Մինասյանը ինքնակամ մեկուսացել է: Նա, որ ՀՅԴ-ի սահմանադրագետն էր, այժմ չի խոսում, չի շփվում՝ որպես իրեն ուղղված հարցերի հասցեատեր մատնանշելով Աղվան Վարդանյանին: Բացի այդ՝ ՀՅԴ-ի շարքերում մշտական դժգոհություն կա իշխանության հետ համագործակցության հեռանկարի շուրջ, բայց ղեկավարներն անտեսում են շարքերին ու անում իրենց համար ցանկալին:

Լուրջ խնդիրներ կան նաեւ ԲՀԿ-ում: Այս կուսակցությունը, որ մինչ փետրվար սահմանադրական փոփոխությունների չհրապարակված տեքստը ազգային դավաճանությանը հավասար մեղադրանքներով էր բնութագրում, այսօր կողմ է արտահայտվում: Եւ առանց այդ էլ պառակտված ու քայքայված քաղաքական այս միավորը հիմա էլ ճաքեր է տալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ջանքերով: Նրանք, բնականաբար, դեմ են սահմանադրական փոփոխությունների նախագծին եւ լինելով ԲՀԿ խմբակցության անդամ՝ չեն ընունել ու ողջունել ԲՀԿ ղեկավարի ու անդամների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ (մանրամասները 2-րդ էջում են): Ու այստեղ բախումներն առջեւում են:

Խնդիրներ կան նաեւ «վերածնված» ՕԵԿ-ում: Մինչ Սերժ Սարգսյանի հետ կայացած «սահմանադրական ֆոտոսեսիան», այս կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարում էր, թե դեմ են նախագծին եւ Սերժ Սարգսյանի հետ չեն էլ հանդիպելու, որովհետեւ քննարկելու ոչինչ չունեն: Բայց հանդիպումը կայացավ լայն ժպիտի ֆոնին, որից հետո այս անգամ «Հայկական վերածնունդի» անունից նախագծին դեմ լինելու մասին հայտարարություն տարածվեց:

«Ժառանգություն»-ում եւս խաղաղ իրավիճակ չէ: Նախորդ անգամ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, երբ անարգանքի սյունին գամեցին կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ու Ռուբեն Հակոբյանին, այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը վարչության նիստ էր արել սքայփի միջոցով եւ խորհուրդ տվել հրաժարվել Սարգսյանի հետ հանդիպումից՝ անգամ հրավեր ուղարկելու դեպքում: Եւ սա քաղաքական կառույցի համար ազդեցության լուրջ կորուստ էր, ինչը ժառանգականները քննարկում են ներսում՝ սխալ համարելով քաղաքական օրակարգից դուրս մնալու «Ժառանգության» փաստացի ձգտումները:

Հարազատ ընկերոջ, հավատարիմ կուսակցի կորցրեց նաեւ ներաստեղծ կամ ավելի ճիշտ՝ վերաձեւավորված ՀՀՇ-ն: Երբ Արարատ Զուրաբյանը հանդիպեց Սերժ Սարգսյանին, ՀՀՇ անդամ Կարապետ Ռուբինյանը, հիշեցնելով գարնանն ասած իր խոսքերը (որ եթե մի անգամ էլ Սերժ Սարգսյանի հետ հանդիպի ՀՀՇ ղեկավարությունը, ինքը կլքի ՀՀՇ-ն), դուրս եկավ կուսակցությունից:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանում աշունն իսկապես թեժ է սկսվելու, բայց ոչ թե քաղաքական իմաստով, այլ նեղ կուսակցական: Բոլոր կուսակցությունների ներսում թեժ խմորումներ են, որոնք հունցել է Սերժ Սարգսյանը: Իսկ իշխանափոխությունը, հայ հասարակությանը գիշատիչ իշխանությունների փրկելու բոլոր կոչերը «ժամանակավորապես հետաձգվել» են. ժողովուրդը կսպասի:

Թամարա Միքայելյան




Լրահոս