Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` կապված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի` սեպտեմբերի 18-ին Աժ-ում հնչեցրած իշխանափոխության կոչերի հետ:
«Ժառանգություն» խմբակցության նորաթուխ ղեկավարի պաշտոնամուտի իր ելույթով Զարուհի Փոստանջյանը փորձեց իր կարգավիճակի փոփոխությունը, այսպես ասած, շռնդալից դարձնել, սակայն ակնհայտորեն գերազանցեց ինքն իրեն եւ փորձեց ոտնակոխ անել քաղաքական պայքարի թույլատրելիության իրավական սահմանը, որից այն կողմ անխուսափելիորեն պետք է վրա հասնի սեփական արտահայտությունների ու արարքների համար պատասխանատվությունը, …ցանկացած նման կոչ, առավել եւս գործողություն կատարելու փորձ, կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»,-ասված է ԱԱԾ հայտարարությունում:
Փաստորեն մեր «փառապանծ» ԱԱԾ-ում իրենց իրական գործառույթներով զբաղվելու, մեր ազգային անվտանգության իրական սպառնալիքները չեզոքացնելու, այս կամ այն դավաճանի ազատ ելքը երկրից կանխելու փոխարեն ձեռնամուխ են եղել քաղաքական բնույթի հայտարարություններ անելուն: Ընդ որում, սա առաջին անգամը չէ, երբ Գորիկ Գուրգենիչի ղեկավարած կառույցն ու անձամբ ինքը քաղաքական սպառնալիքներ են հնչեցնում ՀՀ ընդդիմության հասցեին: Հիշեցնենք, որ ԱԱԾ պետը իշխանափոխության կոչեր անողներին ԱԱԾ-ի «պադվալով» վախեցրեց նաեւ անցած տարեվերջին:
Առհասարակ, եթե փորձենք վերհիշել, թե երբ է ակտիվացել մեր ԱԱԾ-ն, ապա կտեսնենք, որ դա տեղի է ունեցել կա՛մ անձամբ Սերժ Սարգսյանի հասցեին «թթու խոսք» ասող գործիչներին վախեցնելու, կա՛մ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանին քննադատողների մասին «խորհրդային կլաուզաների» ոճով գրված հայտարարություններով հակադարձելու նպատակով: Վերջինի ցայտուն օրինակներից է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի դեմ նախկին «ԿԲԳ-շնիկների» միասնական հայտարարությունը:
ԱԱԾ երեկվա հայտարարությունում նաեւ ասված է. ««Տապալում, շենքերի քանդում» արտահայտությունները եւ նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են»: Հետաքրքիր է՝ իսկ արդյո՞ք նույն «ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից» չեն, օրինակ, Աժ մեկ այլ պատգամավորի` Առաքել Մովսիսյանի` Շմայսի կողմից ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի մասին վատ բան ասողներին գլխատելու եւ բռնաբարելու խոստումները: Եւ կամ Սերժ Սարգսյանին հայհոյողների ականջները շան թուլայի նման կտրելու` ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լեւոն Երանոսյանի հնչեցրած սպառնալիքները: Թե՞ ՀՀ քրեական օրենսգիրքը գեղարվեստական վեպ է, որտեղ «նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշները» մեր իրավապահ մարմիններում ամեն մեկը յուրովի է ընկալում: