ՀՐԱԶԴԱՆԻ ՔԿՀ-Ի ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՄԱՅՐԸ ԿԱՎԱ՞Տ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է Հռիփսիմե Հարությունյանի, Էլզա Սահակովայի եւ Զվարթ Ալավերդյանի գործով դատավարությունը: Այս կանայք  մեղադրվում են «Լիլիթ» հյուրանոցային համալիրում երկու եւ ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սույն հյուրանոցային համալիրը պատկանում է Հրազդանի ՔԿՀ-ի պետի տեղակալ Մարատ Գրիգորյանին:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն` Էլզա Սահակովան եւ Զվարթ Ալավերդյանը  հյուրանոցի մատուցողուհիներն են, իսկ Հռիփսիմե Հարությունյանը` նրանց  փաստացի ղեկավարը: 64-ամյա Հռիփսիկը «Լիլիթ-2» ՍՊԸ տնօրեն Մամիկոն Գրիգորյանի այրին է: Ամուսնու մահից հետո նա է իր ձեռքը վերցրել ՍՊԸ-ի, այդ թվում՝ ընկերության կազմի մեջ մտնող «Լիլիթ» հյուրանոցային համալիրի ղեկավարումը:
Ըստ մեղադրանքի` Աբովյան քաղաքի Սեւանի փողոցի 11 հասցեում գործող համալիրի գործունեությունը եկամտաբեր դարձնելու, գույքային օգուտ ստանալու ակնկալիքով Հռիփսիկ Հարությունյանը մատուցողուհիներ Էլզայի եւ Զվարթի օժանդակությամբ հյուրանոցը պահել ու ղեկավարել է երկու եւ ավելի անձանց օգտագործելով՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:
2012թ. փետրվարից մինչեւ հուլիս ընկած ժամանակահատվածում նա հաստատության առանձնասենյակները 6-հազարական դրամով տրամադրել է մոտ մեկ տասնյակ  մարմնավաճառների, իսկ ստացած գումարները «տնօրինել միանձնյա»: Ըստ մեր տեղեկությունների` «Լիլիթ» հյուրանոցային համալիրը Հրազդանի ՔԿՀ-ի պետի տեղակալ Մարատ Գրիգորյանի սեփականությունն է, որի հետ «Ժողովուրդ»-ի զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
-Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Ձեզ պատկանող «Լիլիթ» հյուրանոցային համալիրում նման վիճակ է տիրել:
-Ես դրա հետ կապ չունեմ: Դա մեր ընտանեկան սեփականությունն է: Հյուրանոցային համալիրի 80 տոկոսը պատկանում էր հայրիկիս` Մամիկոն Գրիգորյանին, մյուս համասեփականատերը մայրս է` Հռիփսիկ Հարությունյանը, որին պատկանում է 20 տոկոսը: Հայրս 2012թ. մահացել է,  քաղցկեղով հիվանդ էր, եւ իրավական տեսանկյունից մնացած բաժնեմասը դեռ մայրիկիս անունով վերաձեւակերպված էլ չէ, քանի որ հորս մահվանից հետո նրան նույնպես վիրահատել ենք:
-Այսինքն` Հ. Հարությունյանը, որը մեղադրվում է «Լիլիթ» հյուրանոցային համալիրում երկու եւ ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար, Ձեր մա՞յրն է:
-Այո՛, նա իմ մայրն է, բայց եթե Դուք մտնեք Աբովյան քաղաք եւ հարցնեք իմ մայրիկից, բոլորը նրան գիտեն որպես շատ հարգված կին, եւ ավելին, Ձեզ ասեմ, որ մայրս հյուրանոց հաճախ չի այցելել, եւ հյուրանոցի հարցերով զբաղվել է քրոջս ամուսինը` Հրայրը:
-Բայց ըստ գործի նյութերի՝ բավական չէ, որ Ձեր հյուրանոցը հարմար վայր է եղել պոռնկության համար, մարմնավաճառությունն այնտեղ ծաղկել է անձամբ Ձեր մայրիկի ղեկավարությամբ:
-Իմ մայրն այս ամենի հետ կապ չունի: Այս ամեն ինչի գլուխը թաքնված է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հետեւում, եւ նրա պատվերով է ամեն ինչ այսպես ներկայացվում: Իմ մայրիկը նամուսով, շատ զուսպ կին է, եւ եթե նման բան լիներ, առաջինը ես ինձ կվերացնեի: Մենք այդ աստիճանի մարդ չենք, որ այդ քայլին գնանք:
-Այդ դեպքում կասե՞ք, թե ով է այդ բարձրաստիճան պաշտոնյան եւ, առհասարակ, ինչու է ցանկանում Ձեր ընտանիքի անվան հետ խաղալ:
-Ի տարբերություն իրեն՝ ես չեմ ասի: Բայց եթե հերթը եկավ ասելուն, որ պարոն ոստիկանապետն իմանա, թե ով է նա, նրանից իր փետուրները կմնան: Ու որ եկավ ժամանակը, այնքան բան կասեմ, դեռ համբերում եմ: Մեր ու այդ բարձրաստիճան պաշտոնյայի մեջ նախկինում բարեկամական հարաբերություններ են եղել, իսկ հիմա  ընտանեկան թշնամանք կա: Մնացածը` կգա ժամանակը, կասեմ:
-Ինչո՞ւ եք ձգձգում, վախենո՞ւմ եք, թե՞ այլ պատճառ կա:
-Ո՛չ, սպասում եմ տեսնեմ՝ ինչ կլինի: Ու հետո` այնքան չեմ ասի, որ նա մտածմունքից սատկի:
-Այս գործում միայն Ձեր մայրիկի անունը չէ: Էլզա, Զվարթ, Հեղինե, Հերմինե, Նարինե, Լիանա, Համեստ: Այս մարմնավաճառների հետ կապված ի՞նչ կասեք:
-Ես իմ անձնական նախաքննությունն էլ եմ անցկացնում: Այդ մարմնավաճառներն  ասում են, թե մենք ամեն ինչ չենք ասել եւ տեսե՛ք` դատարանում ինչ ենք անելու: Իսկ Էլզայի դեպքում իմացել ենք, որ իսկապես նման բանով է զբաղվում, եւ իրեն հեռացրել ենք:
-Այսինքն` Դուք չեք ժխտում, որ Ձեր հյուրանոցային համալիրում պոռնկության դեպք եղել է:
-Կրկնում եմ՝ դա իմ հյուրանոցային համալիրը չէ, դա մեր ընտանեկան սեփականությունն է, ես դրա հետ կապ չունեմ: Այն իմ հայրիկինն է, եւ մեր ընտանիքն ապրում է դրանով: Իսկ ինչ վերաբերում է նման երեւույթներին, ի՞նչ իմանամ` այն մարդիկ, որոնք գալիս են,  մարմնավաճառ են, թե ոչ, հո ԶԱԳՍ-ի  վկայական չե՞մ պահանջելու:
-Դուք Հրազդանի ՔԿՀ-ի պետի տեղակալն եք, կոչումով գնդապետ, արդյո՞ք այդ ամենը չի ստվերում Ձեր հեղինակությունը:
-Դա լավ բան չեմ համարում, ու որ օրվանից իմացել եմ, որ նման բան կա, փեսայիս ասել եմ, որ նման մարդկանց թույլ չտա ներս մտնել: Ավելին ասեմ, երբ իմ մայրիկը գնացել է այնտեղ, չի տեսել, թե ովքեր են գալիս-գնում, քանի որ գրասենյակը հյուրանոցից հեռու է: Նույնիսկ որպես քննիչ, որ այս ամենը չկապվի իմ ծառայության հետ, իմ սեփական դիմումի համաձայն խնդրել եմ, որ ազատեն իմ զբաղեցրած պաշտոնից` գրանցելով կադրերի ռեզերվում, մինչեւ տեսնեմ` ինչ է լինելու:
-Դուք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդա՞մ եք:
-Ո՛չ, սակայն Գագիկ Ծառուկյանն իմ մանկության ընկերն է, մեզ բարեկամ, շատ մտերիմ մարդ է:
-Նա տեղյա՞կ է, թե ինչ է կատարվում Ձեր շուրջ:  Դիմե՞լ եք նրան` օգնության խնդրանքով:
-Ո՛չ, չեմ դիմել, տեսնենք՝ իրավաբանական հարթությունում ինչ կլինի, նոր միգուցե դիմեմ օգնության:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս