Տարեսկզբից հանրապետության ողջ տարածքում H1N1 տեսակի և սուր-շնչառական վարակների տարածումը շարունակում է մտահոգիչ լինել: Այսօր, ըստ առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության, հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 150 քաղաքացի, որից 135-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 60-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 36-ը երեխաներ են։
Իսկ հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։
H1N1 վարակից տարեսկզբից գրանցվել է մահվան 14 դեպք, ինչից հետո հանրության շրջանում բազմաթիվ էին մտահոգիչ հարցերը՝ հնարավո՞ր է արդյոք հայտարարվի համաճարակի մասին, և ի՞նչ է պետք անել այդ դեպքում:
ArmLur.am-ի հետ զրույցում Հայաստանի Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոն»-ի շնչառական վարակների և առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը պարզաբանեց՝ որ դեպքում միայն կհայտարարվի համաճարակի մասին, և, առհասարակ, ինչ է այն իրենից ներկայացնում:
Ըստ Լիանա Թորոսյանի՝ համաճարակ հայտարարվում է այն ժամանակ, երբ կոնկրետ ժամանակահատվածում ողջ հանրապետության տարածքում սուր-շնչառական վարակները 5 կամ ավելի ավելի անգամ գերազանցում են համաճարակային շեմը. «Իսկ ինչ է համաճարակի շեմը: Այն հաշվարկվում է կոնկրետ շաբաթվա համար: Այս դեպքում միջազգային գիտական առաջարկությունների հիման վրա: Այս դեպքում դիտվում է սեզոնային բարձրացում, ինչը վարակիչ հիվանդության բնական աճն է, իսկ սեզոնային բարձրացումը ենթադրում է գերազանցում մինչև երեք անգամ»:
Մասնագետը հայտնեց, որ ներկայիս հաշվարկները փաստում են՝ համաճարակային շեմը դեռևս գերազանցված չէ. այն շաբաթվա կտրվածքով միջին վիճակագրական ցուցանիշին մեկուկես անգամ է գերազանցում: Ի դեպ, որպես կողմնորոշիչ են ընդունվում «հանգիստ» շաբաթները, ոչ թե նրանք, երբ հիվանդության սրացում է արձանագրվում:
Այսպիսով՝ ըստ մեր զրուցակցի` Հայաստանում գրիպի համաճարակ չկա, առկա է հիվանդացման սեզոնային աճ: Սրան, հնարավոր է, նպաստած լինի նաև ջերմաստիճանի կտրուկ նվազումը:
Հանրության մտահոգությունները, իհարկե, տեղին են. ոչ բավարար տեղեկացվածությունն ու մահվան դեպքերի աճը բացատրում են առաջացած խուճապը: