Երվանդ Զախարյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ` փետրվարի 5-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալեց Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարար ության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բարձր գնահատելով դեսպանի ավանդը հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում` նախարարը հույս հայտնեց, որ նույնը կշարունակվի նաև հետագայում։ Անդրադառնալով էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությանը՝ Ե. Զախարյանը նշեց, որ դրանք հաջողությամբ զարգանում և ընդլայնվում են։ Տարածաշրջանային ինտեգրացման շրջանակներում ակնկալվում են մի շարք կարևոր նախագծեր, որոնց հաջող իրականացումը թույլ կտա նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի և Վրաստանի էներգետիկ համակարգերի փոխգործակցությունը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Իրան-Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգետիկական միջանցքի ստեղծմանը, ինչի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Կարևորելով անցած տարվա վերջին Երևանում ստորագրված քառակողմ հուշագիրը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև՝ Ե. Զախարյանը հույս հայտնեց, որ այն հիմք կհանդիսանա համագործակցության հետագա ընդլայնման համար։

Հանդիպման ավարտին նախարարը դեսպանին մաղթեց հաջողություններ իր հետագա գործունեության մեջ։

Շնորհակալություն հայտնելով անցած հինգ տարիների արդյունավետ գործակցության համար՝ Թենգիզ Շարմանաշվիլին հավելեց, որ պատրաստ է այսուհետ ևս իր ջանքերը ներդնել հայ-վարցական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման գործում։

Նույն օրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալեց Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-չեխական տնտեսական համագործակցության, առաջիկայում Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարարի Հայաստան կատարելիք այցին առնչվող հարցեր։




Լրահոս