ՀՀ վճռաբեկ դատարանի մայիսի 29-ի որոշմամբ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ է ճանաչվել: Սակայն վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ կհարթվի, եւ դա իր հետ այդքան էլ կապ չունի:
Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մամուլի ծառայությունից հայտնել էին, թե 2010թ. նոյեմբերից ՎՏԲ-Հայաստան բանկը բանակցություններ էր տանում պատգամավորի հետ վերջինիս կողմից բանկի առջեւ ունեցած պարտավորությունները չկատարելու համար: Ու քանի որ բանակցություններն արդյունք չեն ունեցել, 2012թ. ՎՏԲ-Հայաստան բանկը հայց էր ներկայացրել դատարան՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:
Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց պատգամավորի հետ:
-Պարո՛ն Ստեփանյան, ՎՏԲ-Հայաստան բանկը Ձեզ սնանկ է ճանաչել: Կբացատրե՞ք, թե ինչ է կատարվում:
-Ես ծանոթ մի լավ ընկերոջ համար երաշխավոր էի կանգնել, ու այսպիսի իրավիճակ է ստեղծվել: Սակայն նա ասել է, որ պարտականությունները կվերականգնի, եւ որեւէ խնդիր չկա: Ամեն ինչ նորմալ է:
-Ո՞վ է Ձեր այդ «ծանոթ լավ ընկերը»:
-Դե լավ տղա է, այդպես երեւացող մարդ չէ: Իրենք կգնան բանկ, կպայմանավորվենք եւ կհարթենք ամեն ինչ:
-Բայց բանկը 2010թ.-ից բանակցություններ է վարել հենց Ձեզ հետ եւ արդյունքի չի հասել, դրա համար էլ դատարանը Ձեզ սնանկ ճանաչեց:
-Չէ՛, չէ՛, նման բան չի լինի: Ուղղակի դեպք էր պատահել, գնացի, տեսա, ամեն ինչ կարգին է:
-Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվե՞լ է, թե Ձեր շուրջ ինչ է կատարվում:
-Այո՛, խոսել եմ, ասել եմ, որ որեւէ խնդիր չկա:
ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ԻՐ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ