Ավարտվեց հուլիսի 7-ին մեկնարկած «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը: Արդեն հայտնի են «Ոսկե» եւ «Արծաթե» ծիրանների արժանացած ֆիլմերը:
Միջազգային խաղարկային մրցույթում գլխավոր մրցանակին` «Ոսկե ծիրան»-ին, արժանացավ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչի (Սերբիա, 2013թ.) «Պարունակներ» ֆիլմը, երկրորդ մրցանակին` «Արծաթե ծիրան»-ին` ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի (Իրան, 2013թ.) «Փարվիզ» ֆիլմը: Իսկ ժյուրիի հատուկ մրցանակը տրվեց «Մեջտեղում ինչ-որ տեղ» ֆիլմին` (Թուրքիա/Ֆրանսիա/Գերմանիա, 2012թ.):
Միջազգային վավերագրական մրցույթի գլխավոր մրցանակը ստացավ ռեժիսոր Սվյատոսլավ Ստոյանովի (Բուլղարիա, 2013թ.) «Սեւ ծովի վերջին ծովահենները» ֆիլմը, իսկ հատուկ մրցանակը` ռեժիսոր Մահդի Ֆլեյֆելի «Աշխարհ, որ մերը չէ» ֆիլմը:
«Հայկական համայնապատկեր» անվանակարգում գլխավոր մրցանակը` «Ոսկե ծիրան»-ը, բաժին հասավ ռեժիսոր Մարիա Սահակյանի (Հայաստան/Ռուսաստան/Դանիա, 2013թ.) «Այդ ես չեմ» ֆիլմին, երկրորդ մրցանակը` «Արծաթե ծիրան»-ը՝ ռեժիսոր Լուսին Դինքի (Թուրքիա/Հայաստան/Ֆրանսիա, 2013թ.) «Սարոյանլենդ» ֆիլմին:
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային գլխավոր մրցանակը հանձնվեց ռեժիսոր Լեոն Պրուդովսկու (Իսրայել, 2012թ.) «Բարի գալուստ եւ ցավակցում ենք» ֆիլմին, ժյուրիի հատուկ մրցանակները` ռեժիսոր Լուկաշ Օստալսկու (Լեհաստան, 2013թ.) «Մայրը» եւ ռեժիսոր Էլմար Իմանովի (Գերմանիա, 2012թ.) «Դագաղագործի ճոճանակը» ֆիլմերին: Իսկ ահա ժյուրիի խրախուսական մրցանակը ստացավ ռեժիսոր Էրիկ Շմիթի (Գերմանիա, 2013թ.) «Քառատրոփ սլացող ռնգեղջյուրը» ֆիլմը:
Ֆիպրեսի ժյուրիի մրցանակը հանձնվեց ռեժիսոր Սալեմ Սալավաթիի (Իրան 2013թ.), «Վերջին ձմեռը» ֆիլմին:
Էկումենիկ ժյուրիի մրցանակին արժանացավ ռեժիսոր Ռուսուդան Չկոնիայի (Վրաստան/Ֆրանսիա, 2012թ.) «Ժպտացե՛ք» ֆիլմը, իսկ խրախուսական մրցանակին` ռեժիսոր Դարյա Օնիշչենկոյի (Գերմանիա/Ուկրաինա/Սերբիա, 2012թ.) «Արեւելաբաղձություն» ֆիլմը:
Հայաստանում Բրիտանական խորհրդի մրցանակը հանձնվեց ռեժիսոր Թամարա Ստեփանյանի (Հայաստան/Լիբանան/Քաթար, 2012թ.) «Անթեղ» ֆիլմին:
Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակին արժանացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի (Հայաստան, 2013թ.) «Ընդհատված մանկություն» ֆիլմը:
Փառատոնն այս տարի ստացել էր շուրջ 1200 հայտ աշխարհի 94 երկրից: Մրցութային ծրագրում ընդգրկված էր 90 ֆիլմ: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ղեկավարն էր կինոռեժիսոր Արամ Շահբազյանը, «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի ղեկավարը` կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ»-ի ժյուրին գլխավորում էր հունգարացի ականավոր կինոռեժիսոր, համաշխարհային կինոյի դասական Իշտվան Սաբոն, իսկ «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ»-ի ժյուրին` 2012թ. «Ոսկե ծիրան»-ի դափնեկիր, նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան:
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ԲԵՐՔԱՀԱՎԱՔՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ