«Այս պահի դրությամբ որևէ մեկը չի փայլում». ո՞վ է լինելու Վանաձորի հաջորդ քաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան ասաց, որ սեպտեմբերին կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու եւ որոշել է բիզնեսով զբաղվել: Ավելին` ինչպես բացահայտեցինք, քաղաքապետը 2012 թվականին էլ չէր ցանկացել առաջադրել իր թեկնածությունը քաղաքապետի ընտրություններում, բայց կյանքը ստիպել է քաղաքապետ դառնալ:

Հիմա արդեն ընտրությունների կարգը փոխվել է: Սեպտեմբերին տեղի ունենալիք ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցությունները պետք է առաջադրեն թեկնածուներ, անկուսակցական անհատը չի կարող առաջադրվել քաղաքապետի պաշտոնում:
«Ժողովուրդ»-ը սպասվող ընտրությունների մասին խոսեց Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ:

-Պարո՛ն Դարբինյան, առաջադրվելո՞ւ եք սպասվող քաղաքապետի ընտրություններում:

-Չէ, ես չեմ առաջադրվելու:

– Ինչո՞ւ:

-Բայց դա շուտվա որոշում էր, դեռ նախորդ ընտրություններին էլ չէի ուզում մասնակցել:

– Իսկ ո՞վ Ձեզ ստիպեց մասնակցել 2012-ին:

-Ոչ մեկ, հիմա էլ, որ մասնակցեմ, էլի կընտրվեմ, պարզապես էլ չեմ ուզում:

-Ինչո՞ւ չեք ուզում, արդյո՞ք քաղաքական հրահանգ կա, որ Ձեզ այլեւս չեն ուզում տեսնել:

-Չէ, չէ, նման բան չկա, ընդհակառակը, ես այս տարածաշրջանի հանրապետական կուսակցության խորհրդի նախագահն եմ, չէ՞, նման բան չկա:

-Ձեր միանձնյա որոշո՞ւմն է եղել, չմասնակցել, թե՞ Ձեզ հասկացրել են չառաջադրվել:

-Չէ չէ, ես պարզապես ուզում եմ աշխատանքիս պրոֆիլը փոխեմ:

-Հնարավո՞ր է՝ Ձեր դեմ մշտապես ներկայացվող բողոքներն են պատճառը, որոնց հիման վրա անգամ ոստիկանության Լոռու մարզում նյութեր էին նախապատրաստվում: Ձեր բարեկամն էր դիմել իրավապահներին եւ հայտնել Ձեր ու Ձեր հարազատների սպառնալիքների մասին:

-Իմ վրա որեւէ քրեական գործ չկա, չի էլ եղել: Որեւէ քրեական գործ քաղաքապետի վրա չկա, չի եղել ու չի էլ լինի:

-Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում պաշտոնից ազատում, հետո քրեական պատասխանատվության են ենթարկում: Գուցե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի այո-ն չապահովեցիք, ու դա դարձավ Ձեր քաղաքապետ չլինելու ճակատագրական պատճառը:

-Ո՛չ, ո՛չ, ո՛չ, դա իմ որոշումն է, նույնիսկ 2012 թվականին, ես չէի ուզում դնել այն ժամանակ, բայց դրեցի, բայց հիմա.. Իրենք այն ժամանակ էլ գիտեին, որ ես 2016 թվականի ընտրություններին չեմ մասնակցելու:

-Իրենք ո՞վ` Սերժ Սարգսյա՞նը, Լոռու մարզպե՞տը, ո՞ւմ նկատի ունեք:

-Իշխանությունը, իմ ղեկավարությունը, իմ ընկերները:

-Կոնկրետ ո՞վ:

-Առաջին հերթին իմ թիմը գիտեր, որ 2012 թվականի քաղաքապետի ընտրություններին չէին ուզում մասնակցել, բայց ինչ-ինչ առիթներով իմ թիմը ուզեց, որ ես լինեմ: Հիմա էլ իմ թիմը ուզում է, որ ես դնեմ, եւ եթե ես դնեմ, հարց չունեմ ընդհանրապես, բայց ես ուզում եմ աշխատանքիս պրոֆիլը փոխեմ:

-Ի՞նչ նկատի ունեք՝ պրոֆիլ փոխել ասելով:

-Իմ բիզնեսներով եմ զբաղվելու:

-Ո՞ւմ եք տեսնում Ձեր աթոռին նստած:

-Այս պահի դրությամբ որեւէ մեկը չի փայլում, դե, տեսնենք, եղածների մեջ կընտրենք ամենալավին ու կսատարենք նրան:

-Դեռ որոշո՞ւմ չունեք:

-Դեռ չունեմ, բայց միշտ իմացեք՝ դա իմ քաղաքական որոշումն է, այլեւս ես քաղաքապետի պաշտոնում իմ թեկնածությունը չեմ դնելու, իսկ մնացածի մասին դեռ կտեսնենք:

-Ի՞նչ նկատի ունեք մնացածը հետո, հնարավո՞ր է՝ նախարարի պորտֆել առաջարկեն Ձեզ կամ մարզպետի, ու Դուք համաձայնեք:

-Չէ՛, պետական գործի որ ուզեմ աշխատել, քաղաքապետի պաշտոնը Ձեր ասածների մեջ ամենալավն է, բայց էլ պետական գործի չեմ ուզում աշխատել:

-Չե՞ք կարոտի Ձեր աթոռին, քաղաքապետարանի շենքին:

-Դե, ոչ մի բան հավերժական չի, ինչ սկիզբ ունի, նա էլ ավարտ ունի, ես ուզում եմ իմ քաղաքապետի աշխատանքը հաղթանակած ավարտեմ, գնամ: Ես հինգ անգամ ընտրվել եմ, շնորհակալ եմ վանաձորցիներիցս, էդ տարիների ընթացքում շատ լավ ծառայել իմ ժողովրդին, իմ քաղաքին, հիմա էլ ուզում եմ այլ աշխատանքի գնալ, ես այստեղ եկել եմ ճանապարհաշինարարական բիզնեսներից, հիմա էլ էլի ուզում եմ գնալ իմ բիզնեսներին, ի՞նչ է եղել, չի՞ կարելի:

Քնար Մանուկյան




Լրահոս