«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որոշել են մինչեւ սեպտեմբեր հետաձգել «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկումը ՀՀ Ազգային ժողովում: Ինչպես հայտնի է՝ այդ համաձայնագիրը դեռեւս հունիսի 3-ին քննարկվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում եւ դրական եզրակացությամբ ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:
Սակայն վերջին` հունիսի 6-ից 9-ը տեղի ունեցած քառօրյայում այն այդպես էլ չքննարկվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն չի քննարկվելու նաեւ երեկվանից մեկնարկած ԱԺ արտահերթ նիստերի ժամանակ, եւ խորհրդարանն այդ փաստաթղթին կանդրադառնա սեպտեմբերին միայն: Բանն այն է, որ այս համաձայնագիրը ընթացիկ ամսում պետք է քննարկվի ՌԴ պետդումայում, որից հետո ՀՀ իշխանությունների համար ավելի հեշտ կլինի փաստաթուղթը խորհրդարանում «անցկացնել»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: