Հավերի դիլիջանցի գողին չեն կարողանում հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջանի բնակիչ, 1975թ. ծնված Վահե Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 23-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտքի դուռը հրելու եւ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում գտնվող, Արմինե Թամրազյանին պատկանող տան բակ եւ շինություն հանդիսացող թռչնաբնի փականը բացելով՝ այնտեղից գաղտնի հափշտակել է ընդհանուր 45 հազար դրամ արժողությամբ 8 հավ եւ աքաղաղ:

Վ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Գողությունը, որ կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով): Սույն հոդվածը նախատեսում է 500 հազարից 1 միլիոն դրամ տուգանք, կամ 2-5 տարի ազատազրկում: Վ. Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում հունիսի 14-ին, հունիսի 24-ին եւ հուլիսի 1-ին նշանակված դատական նիստերին Վ. Ավետիսյանը չի ներկայացել:

Դատարանը հունիսի 14-ին եւ 27-ին ոստիկանության Դիլիջանի բաժին գրություններ է ուղարկել՝ խնդրելով ամբաստանյալին պարտավորեցնել ներկայանալու դատական նիստին: Հունիսի 30-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի պետը գրությամբ դատարանին հայտնել է, որ Դիլիջան քաղաքի բնակիչ Վահե Ավետիսյանին հնարավոր չի եղել հայտնաբերել, քանի որ նա բնակության վայրից բացակայում է: Հուլիս 1-ի նիստից առաջ մեղադրողը միջնորդել է փոխել Վ. Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը եւ նրա նկատմամբ հայտարարել հետախուզում: Հուլիսի 1-ին դատավոր Զոյա Զաքինյանը բավարարել է այդ միջնոդությունը եւ գործի վարույթը կասեցրել մինչեւ Վ. Ավետիսյանի հայտնաբերումը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս