ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀԸ ՀԱՍԱՎ ՏԻԵԶԵՐՔ
Նոյեմբերի 7-ին (ամենայն հավանականությամբ, հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի օրը պատահական չէ ընտրված. Ռուսաստանն ամեն կերպ ցանկանում է հիշել ու հիշեցնել ԽՍՀՄ-ի ստեղծման մասին)  «Բայկոնուր» տիեզերակայանից արձակվել է ռուսական հՏþջ ՁԾԸ-11Ծ  տիեզերանավը, որի անձնակազմը պետք է Միջազգային տիեզերակայան հասցներ օլիմպիական ջահը։ Տիեզերանավը երեկոյան հասնելու էր Միջազգային տիեզերակայան, ինչից հետո անձնակազմն օլիմպիական ջահը հանձնելու էր կայանի հրամանատար Ֆյոդոր Յուրչիխինին։ Իսկ արդեն այսօր ռուս տիեզերագնացներ Օլեգ Կոտովն ու Սերգեյ Ռյազանսկին ջահը դուրս կբերեն բաց տիեզերք եւ մոտ 1 ժամ այնտեղ կմնան։ Օլիմպիական ջահը Երկիր կվերադառնա նոյեմբերի 11-ին, եւ հենց դրանով էլ Սոչիում կվառեն օլիմպիական կրակը։ Օլիմպիական էստաֆետը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին Հունաստանում եւ կավարտվի 2014թ. փետրվարի 7-ին՝ ձմեռային օլիմպիական խաղերի բացման օրը։
Այս տեղեկատվությունը մեզ հիշեցրեց, որ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանը ներկայացուցիչներ կունենա Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում։ Եվ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս հայտնի չէ, թե մեր երկիրը քանի ներկայացուցիչ կունենա, եւ նրանք որ մարզաձեւերը կներկայացնեն։ Ընդ որում, նման վիճակ է ոչ միայն Հայաստանի դեպքում։ Բանն այն է, որ օլիմպիական վարկանիշային մրցաշարերը հիմնականում անցկացվելու են այս տարվա դեկտեմբերի կեսերին, ինչպես նաեւ եկող տարվա հունվարին, եւ միայն դրանցից հետո հայտնի կդառնան մասնակիցների անունները։ Հիշեցնենք, որ Սոչիի ձմեռային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը կայանալու է 2014թ. փետրվարի 7-ին։

ՄՆԱՑ ՀԱԶԱՐՈՒՄԵԿ ՕՐ
Իսկ ահա նույն օրը՝ նոյեմբերի 7-ին, բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում 2016թ. օգոստոսի 5-ին մեկնարկելիք ամառային օլիմպիական խաղերից ուղիղ 1001 օր առաջ ներկայացվել են խաղերի ծրագրում ընդգրկված բոլոր 64 մարզաձեւերի գծապատկերները (23-ը` պարալիմպիկ): Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը, դրանց ստեղծման համար 16 ամիս աշխատել են 28 նկարիչներ եւ գրաֆիկական դիզայներներ: Նշենք, որ առաջին անգամ գծապատկերներ ցուցադրել են ճապոնացիները 1964թ. Տոկիոյի օլիմպիական խաղերում:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս